Փաստաբան Տիգրան Աթանեսյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Տիգրան Աթանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբանը, որտեղ մասնավորապես նշված է. «Կենտրոնի քննչական բաժնում ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ ծեծ: Քննիչների «փայլուն» աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ ես իմ աշխատասենյակում ծեծի եմ ենթարկել Սիմոն Բաբայանին:

Ազնվությամբ ծիծաղս է գալի այս ամենի վրա: Գիտեմ, որ դա արվել է փաստաբանների պալատի ղեկավարության բարձրաստիճան հովանավորների կողմից, որպեսզի ճնշում գործադրվի իմ և Արմեն Սողոմոնյանի վրա և մենք հրաժարվենք բողոքներից ու այսպես ամեն ինչ անցնի գնա: Դա բացառվում է, սա մեր անձնական խնդիրը չէ, այլ Հայաստանում փաստաբանության լինել չլինելու խնդիրն է, նման ճնշումները անօգուտ են և արդյունքի չեն բերելու։ Վաղը ժամը 11-ին մամուլի ասուլիս ենք հրավիրել այս կապակցությամբ, կտեղեկացնենք նաև որոշ այլ մանրամասների մասին»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 27-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի, Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի ու Գևորգ Մկրտչյանի միջև։ Երկուստեք մեղադրանքներ են հնչել եւ երկու կողմն էլ դիմել է բուժուգնության: Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը եւ Վրեժ Խաչիկյանը հաղորդում են ներկայացրել, որ մարմնական վնասվածքներն ստացել են նույն օրը՝ Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ Երեւանի քաղաքային վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ծեծի եւ բռնության հոդվածի հատկանիշներով:

Մեկնաբանություն
X