Գալու է օր, երբ հայ ազգը «Սասնա ծռերի» ապստամբության օրը նշելու է որպես ազգային տոն․ երթ ի աջակցություն «Ծռերին» (ֆոտոշարք)

>

Այսօր լրացավ 1 տարին, ինչ «Սասնա ծռերի» զինյալ խումբը գրավեց ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը։ Այդ իրադարձության կապակցությամբ այսօր Ազատության հրապարակում էին հավաքվել «Ծռերի» հարազատները, գաղափարակից ընկերներն ու համակիրները։ Նրանք ի աջակցության «Սասնա ծռերի» երթ իրականացրին։

Անցան կենտրոնական փողոցներով

Երթը նախատեսված էր սկսել 20։00-ին, սակայն մեկնարկեց 45 րոպե ուշացցումով: Մինչ երթը «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը շնորհավորեց բոլորին օրվա առթիվ եւ նշեց, որ այս օրը հայկական Բաստիլի գրավման օրն է։

Ազատության հրապարակում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը եւ այլք: Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սասնա ծռերին» ահաբեկիչներ չի համարում եւ վկայակոչեց BBC-ի հարցման արդյունքները, որոնք, ըստ նրա՝ ցույց են տալիս, որ ժողովուրդը կիսում է ծռերի տեսակետը:

Երթը անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով, ապա ցուցարարները կրկին վերադարձան Ազատության հրապարակ։ Ողջ երթի ընթացքում երթի մասնակիցները վանկարկեցին «Սասնա ծռեր», «Հաց բերող», «Մահ ռեժիմին», ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամների անունները։ Կային նաեւ խմբի անդամների լուսանկարներով ցուցապաստառներ, նրանց խոսքերից մեջբերումներ․ ցույցին մասնակցում էր մոտ 200 մարդ։ Հետաքրքրական էր նաեւ այն, որ ոստիկանները չէին ուղեկցում ցույցը։

Երթի մասնակիցները, Թումանյան եւ Նալբանդյան փողոցներն անցնելով, հասան Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բարձրախոսով երթի մասնակիցներին հիշեցրեց, որ երբ ԱԱԾ-ի շենքի մոտով նախկինում անցել են, ոստիկանները շարված են եղել․ «Բայց քանի որ այսօր Վովա Գասպարյանի թատերական միջոցառմանն են մասնակցում, անգամ այստեղ իրենց համար կարեւոր չի, այս հոտած կառույցը: Տեսնում եք ոստիկաններ այստեղ չունենք»։

Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայի՝ Ազատության հրապարակին հարող հատվածում նստեցին գետնին, որից հետո շարունակեցին երթը: Իսկ մինչ այդ Նալբանդյան փողոցով բարձրացան, ապա շարունակեցին երթը Մոսկովյան պողոտայով:
Առանց որեւէ միջադեպի հասնելով Ազատության հրապարակ՝ «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը շնորհավորեց ցուցարարներին՝ որպես ազատ ոգու տեր մարդկանց, ովքեր դուրս ելան փողոց իրենց քաղաքացիական կամքով․ «Նշեցիք ձեր ասելիքը, ձեր պահանջը ներկայացրեցիք իշխանություններին՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ։ Ես կարծում եմ, որ սա մեր ամենակարեւր պահանջն է, որովհետեւ այդպիսի Հայաստանում չեն լինի քաղհալածյալներ, քաղբանտարկյալներ։ Ես կարծում եմ՝ գալու է օր, երբ ժողովուրդը «Սասնա ծռերի» ապստամբության օրը նշելու է որպես ազգային տոն՝ որպես բռնապետության դեմ պայքարի տոն»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X