Սերժ Սարգսյանի հարցազրույցից ամենահիշվողը նրա համազգեստն էր

Նա չի սիրում լրագրողներին։ Նրանք խանգարում են իրեն, գաղջ մթնոլորտ են ստեղծում։ Իր մեկնաբանություններն այս կամ այն կարեւոր խնդրի կապակցությամբ արտահայտում է հիմնականում այլ ֆորմատներում՝ պաշտոնական այցելության կամ այս կամ այն սոցիալական ու մասնագիտական խմբի հետ հանդիպումների ժամանակ։ Ահա ինչու նրա ցանկացած խոսակցություն լրագրողի հետ, անգամ եթե այն դետալ առ դետալ համաձայնեցված է նախագահականի իմիջմեյքերների հետ, իրադարձություն է դառնում։

Սերժ Սարգսյանի խոսքին հայերն ավելի են սպասում, քան նույնիսկ ռուսները՝ Պուտինի խոսքին, որովհետեւ Պուտինը հասանելի է եւ ժամերով ուղիղ եթերում պատասխանում է ՌԴ քաղաքացիների, լրագրողների, անգամ հասարակ դպրոցականների հարցերին։ Ցավոք, ոչ մի հարց չհնչեց «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ արտագաղթի, «Սասնա ծռերի» եւ մյուս այլախոհների դատերի կամ գոնե «Ոսկե ծիրանի» մասին։ ՀՀ նախագահն անհասանելի է եւ անգամ մեկ ժամանոց հարցազրույցի ժամանակ կարող է խոսել միայն իրեն հետաքրքրող հարցերի մասին եւ ոչ մի հիշվող ֆրազ չասել։

«Արմենիայի» «Ռ-էվոլյուցիա» հաղորդման կիրակնօրյա եթերում նա խոսեց մոտ 40 րոպե եւ ոչ մի նորություն չասաց։ Ամենահիշվողը նրա զինվորական համազգեստն էր, որին նայելիս տպավորություն էր ստեղծվում, թե Չեչնիայի լիդերն է եթերում եւ մեկ էլ՝ ծտերի ճռվողյունը կադրից դուրս։ Իսկ «հնություններից» տպավորիչ էր, թերեւս, չկատարված խոսոտումների մասին հատվածը՝ նվազագույն աշխատավարձը 32,5 հազար դրամ էր, բայց այն ոչ թե կրկնապատկվեց, այլ աճեց 1,7 անգամ՝ անցյալ տարի հասնելով 55 հազար դրամի, ԱԺ ընտրություններին վերաբերող ֆրազը՝ «առաջին անգամ մարդիկ չհավաքվեցին ու չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու», եւ բանակցային գործընթացի գնահատականը՝ «պրոցեսը փակուղի է մտել»։ Արտահայտիչ արտահայտությունների իմաստով Սերժ Սարգսյանն էապես զիջում է իր նախորդներին։

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր այն ժամանակ, երբ զգում էր, որ իրեն լավ չեն հասկացել, եւ պարզաբանելու թեմա կա։ Նա էլ հազվադեպ էր ասուլիսներ հրավիրում, բայց երբ տալիս էր, յուրաքանչյուր ԶԼՄ-ից մեկական ներկայացուցիչ կարող էր գնալ եւ ցանկացած հարց տալ նախագահին։ Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ կպատասխանի, եւ պահի տակ էքսպրոմտներ էր անում։ «Չի դառնալու, Հայաստանը նորմալ պետություն չի դառնա, լավ չես ապրի, Սերգո ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»,- ասաց նա, եւ 1997 թվականին այս արտահայտությունն անելու համար ավելի մեծ խիզախությունն էր պահանջվում, քան այսօր Սերժ Սարգսյանի սոփեստիկ հնարքները «զիջում-փոխզիջում» բառերի շուրջ։ Դատախազությունը 2008-ի ժողովրդական ընդվզումից հետո ՀՀ առաջին նախագահի գեղեցիկ հայերենը բնորոշեց որպես «նեյրոլինգվիստիկ հնարքներ», որոնք «հոգեխանգարմունք» են առաջացնում միտինգավորների մոտ։ Այս բառերը գրվեցին Մարտի 1-ի քրեական գործում եւ բազմիցս կրկնվեցին երկրորդ նախագահի պաշտոնավարման վերջին շրջանում։ Տեր-Պետրոսյանի հայերենն ազդում էր Քոչարյանի եւ նրա թիմի նյարդերի վրա։ Չնայած բոլոր ջանքերին, պարապմունքներին, ՀՀ երկրորդ նախագահն այդպես էլ չկարողացավ խորությամբ յուրացնել այդ լեզուն, թեեւ ահռելի աշխատանք էր կատարել իր հայերենի վրա։

Այնուամենայնիվ, նա եւս անմոռանալի ու անկեղծ արտահայտություններ է արել․ «Ո՞վ է այն տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում», վատ պարողի մարմնի մասերի, «ուչաստկովու մակարդակի գործ»՝ Հոկտեմբերի 27-ի մասին։ Հատկապես «փայլում» էր ընդդիմախոսներին նախշելիս։ «Մեկ տարի ես ուղղակի ուշադրություն չեմ դարձնում այս մոսկաներին, որ սենց լիքը կան, դրսում պտտվում են, ինչ որ խոսում են, մոսկան դա չափի մասին չի մենակ խոսքը, խոսքը գնում է համապատասխանությունը աղմկի եւ չափի, այդ համապատասխանության մասին է խոսքը գնում, երբ որ աղմունկը ոնց որ փղի․․․»,- Ռոբերտ Քոչարյանի արտասանությանը հավատարիմ ենք նրա խոսքը վերարտադրելիս։ Մեր ականջը սովորեց երկրորդ նախագահի բարբառին, եւ անցումը երրորդ նախագահի հայերենին ավելի մեղմ էր, քան առաջինից երկրորդին:

Սերժական բանահյուսության գոհարները, երրորդ նախագահի «բրենդային» արտահայտությունները ծնվել են ՀՀ քաղաքացիների հետ նրա հանդիպումների ժամանակ, երբ երրորդ նախագահը դուրս է եկել իմիջմեյքերների վերահսկողությունից եւ «կենդանի» է շփվել․ «Այ, տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում», «ինչքան ուզես՝ էնքան խփենք», «իյա, իրո՞ք» եւ, իհարկե՝ «Նայի, Տարոն ջան, նայում ես, էնքան էլ գեղեցիկ չի։ Լավ կլինի, որպեսզի ձեւը գտնես, այս ամենը ապամոնտաժես»։ Եվ, ինչպես ժամանակին ասում էին՝ լավ չես ապրելու, Սերգո ջան, հիմա էլ ասում են՝ Տարոն ջան, սիրուն չի։ Խոսքի առումով երեք նախագահները մի ընդհանրություն ունեն՝ նրանք երեքն էլ խոսել են մեզ հետ, երբ իրենց է պետք եղել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X