Հազարավոր հատված ծառերի համար պատասխան են տալիս 2 շարքային տեսուչ

Բնապահպանության նախարարությունը երեկ վերջապես հաղորդեց, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սահակ Մուրադյանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, ազատվել է աշխատանքից: Թեեւ՝ սեփական դիմումի համաձայն։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ իր հեռանալը կապ չունի ծառահատումների հետ․ «Ես ավելի լավ առաջարկ եմ ստացել այլ բնագավառում, ես մի քանի օր առաջ ազատման դիմում եմ գրել»։

Բնապահպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդակցություն է անցկացրել եւ հանձնարարականներ տվել՝ խստացնել «Դիլիջան ազգային պարկի» պահպանությունը, ուսումնասիրել աշխատակիցների աշխատավարձերի, թոշակների հարցերը, վերանայել լիազորություններն ու կադրային քաղաքականությունը, «բարձր ռիսկային տեղամասերի (Հաղարծին, Շամախյան, Դիլիջան) 24-ժամյա պահպանությունը փորձնական ծրագրով փոխանցել մասնավոր պահնորդական կազմակերպությանը, որը պետք է ապահովի շարժական եւ հենակետային պահնորդական խմբեր» եւ այլն։ Դեռ ընտրություններից առաջ, փետրվարին, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ էին սկսվել լայնածավալ ծառահատումների վերաբերյալ։ Ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Տավուշի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հաղարծին» տեղամասում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու առթիվ: Հիմքը մամուլի հրապարակումներն էին եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը։ Դատախազությունը տվյալներ ուներ, որ Հաղարծինում ապօրինի հատվել է 100 ծառ եւ «պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 միլիոն 906 հազար 474 դրամ վնաս»: Հետագայում այլ դրվագներ էլ ավելացան։ Այս ողջ ընթացքում կազմակերպությունից հակասական տեղեկություններ էին տարածվում վնասի իրական չափերի, կատարվածի պատասխանատվության վերաբերյալ։

Գրել էինք, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սահակ Մուրադյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր Արամայիս Գրիգորյանի նախարարության օրոք, մեղքը բարդում էր տեղակալի վրա՝ հայտարարում էր, որ ծառահատումները կատարվել են այն ժամանակ, երբ ինքն արձակուրդում էր եւ հոր նախընտրական քարոզչության աշխատանքներով էր զբաղված։ Փոխտնօրենն էլ հայտարարում է, որ ծառերը հատվել են Մուրադյանի անմիջական մասնակցությամբ։ Բնապահպանության նախարարությունն այս ամիսներին որեւէ բացատրություն չէր տալիս եւ հիմա է միայն դեպքերի հետեւից վազելով՝ արձագանքում։ Ընդ որում՝ թե ստուգումները, թե բացահայտված ապօրինությունները ներկայացվում են որպես բնապահպանության նախարարության «նպատակային աշխատանքների», ինտենսիվ քննարկումների, ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունք։ Վարչապետի հանձնարարականի մասին, որի հետ Մինասյանի հարաբերությունները լարված են, ոչ մի խոսք։ Տպավորիչ են «ապօրինի հատված ծառերի» քանակը եւ հանցագործության վաղեմությունը․ «Նախարար Արծվիկ Մինասյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում, հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6 հազար 300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր եւ կամ ներկայացրել իրավապահ մարմիններին»։ Ստացվում է, որ 2014 թվականից նախարարությունն ստուգումներ է իրականացնում Դիլիջանի անտառներում, անտառահատման ահռելի ծավալներ է արձանագրում, բայց այս ամենի մասին սկսում է խոսել միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցնում է։ Ինչպե՞ս եղավ, որ այս ծավալի անտառահատումներ եղան։

«Դիլիջան ազգային պարկի» նախկին տնօրենը պատասխանում է․ «2014 թվականից մինչեւ այսօր ստուգումների արդյունքում մոտ 2 հազար ծառը մեր կողմից նախկինում բացահայտված է, մոտ 650-700-ը քամատապալ եւ հողմատապալ ծառեր են, հատված չեն, մնացածը, ինչ որ կա, տարբեր ժամանակահատվածներում են կտրվել, եւ ոչ ոք չի կարող ասել՝ 13, 14, թե 15 թվին։ Քրեական գործ կհարուցվի, եւ եթե պարզվեն մեղավորները, պատասխան կտան»։

  • Երբ Դուք պաշտոնավարում էիք, փորձե՞լ եք պարզել, թե ինչ է կատարվում, ովքեր են մեղավոր։

  • Տարածքում խնդիրներ կային՝ գողությունների հետ կապված, անմիջապես անտառի մեջ ապրող համայնքի բնակիչների կողմից։ Չի բացառվում, որ աշխատակիցներ լինեն, որոնք տեղյակ լինեն, գիտեք, երկու հոգի կա ձերբակալված, հնարավոր է՝ մի քանիսն էլ լինեն։ Քննությունը կպարզի։

  • Իսկ Ձեր մասով ի՞նչ կասեք։ Ձեր մեղքը չկա՞։

  • Ես մի բան հստակ ասում եմ՝ շուրջ 2,5 տարի աշխատել եմ, եւ այդ ժամանակ անհնար է, բացառվում է, որ մեկին թույլ տամ՝ գնա ծառ հատի, ես պաշտոնապես հայտարարում եմ։

  • Ձեզ չե՞ն կանչել հարցաքննության։

  • Ոչ, ես առարկություններ ունեմ, որ ներկայացրել եմ, ինձ դեռ չեն կանչել, հնարավոր է՝ կանչեն։

  • Ի վերջո, քանի՞ ծառ է հատվել։

  • Կրկնում եմ՝ 2 հազարից ավելն արձանագրված է, 650-700-ը տապալված ծառերն են, չգիտեմ, դրա գրելու իմաստը որն է, երբ որ դա օրինական ձեւով դուրս է գրվել։ Տակն ինչ մնում է, քննությունը կպարզի։

  • Տակը քիչ չի մնում, 3-4 հազար։

  • 3-4 տարվա պատմություն է, կարող է էլի լինեն մեղավորներ, չեմ կարող ասել։

  • Հիմա ի՞նչ չափի վնաս է հասցվել, 3-4 հազար ծառի հատումն ինչքա՞ն տուգանք կառաջացնի։

  • Չեմ կարող ասել։ Մի բան հաշվի առեք, որ ծառերի արժեքները տարբեր են, հնգապատիկ ավելացվելու են։ Եթե արժի 10 հազար, 50 հազար է լինելու, եթե 50 հազար՝ 250 հազար։

ՀԳ․ Մի քանի ամիս է, ինչ մամուլն աղաղակում է անտառի սպանդի մասին, համացանցում հատված կոճղերի լուսանկարներ են տեղադրվում, բայց 5 ամիս անց պարզվում է, որ տնօրենը ոչ մի մեղք չունի՝ նա ընդամենը ազատվում է աշխատանքից, այն էլ՝ այլ աշխատանքի անցնելու հույսով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X