Մի գեղեցիկ օր կարող է շնորհակալություն հայտնենք «համագործակցության» համար ու հեռանանք

Խոսելով Հայաստանում համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի մասին՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ Հայաստան պետք է ուղարկել ամուսնացած զինվորականների, որովհետեւ այնտեղ աղջիկները մենակ չեն քայլում փողոցներով, չեն ծանոթանում տղամարդկանց հետ, եւ ամուրիներն այնտեղ անելիք չունեն: Նա նշել է. «Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է, Հայաստանը միշտ մեզ երախտապարտ է եղել, հենց այնտեղ էլ սկսվել է Թուրքիայի կողմից հայերի դեմ ճնշումը»: Ինչո՞ւ հանկարծ այսպես բռնեց Ժիրինովսկու հայասիրությունը: Պատասխանն ակնհայտ է. Ադրբեջանը եւ Թուրքիան հերթական սյուրպրիզն են պատրաստվում մատուցել Մոսկվային, եւ Ժիրինովսկին իր հայտարարությունն արել է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար:

Ի՞նչ էր նախորդել Ժիրինովսկու հայտարարությանը: Կառանձնացնենք երկու իրադարձություն՝ դեպի Եվրոպա իսրայելա-թուրքական համատեղ գազամուղ կառուցելու բանակցությունների հաջող ընթացքի մասին Թուրքիայի հայտարարությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի նախազգուշացումը Թուրքիային, որ վերջ տա ՆԱՏՕ-ի ռազմաբազա գերմանացի խորհրդականների այցն արգելելու քաշքշուկին եւ այցի ամսաթիվ որոշի: Սա բավական էր, որ հերթական անգամ խորտակվեին Ռուսաստանի հույսերը, թե Անկարան մի օր դեմքով կշրջվի դեպի Մոսկվա, դեպի ԵՏՄ, ինչպես ՆԱՏՕ-ին «հոխորտալով» հայտարարել էր Էրդողանը, կամ կհամաձայնի իր անվտանգությունը դնել հարվածի տակ՝ թեկուզ «թուրքական» կոչվող մի գազատարի պատճառով:

Եվ, ահա, ՌԴ Պետդուման վավերացնում է Հայաստանում համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը եւ Ժիրինովսկու բերանով հայտարարում, որ Հայաստանն է Ռուսաստանի պաշտպանության երկրորդ գիծը (առաջինը, հավանաբար, Սիրիան է): Ոչ թե Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման, նավթագազային սերտ հարաբերություններ, որից միլիարդավոր դոլարների եկամուտ է ստանում՝ զենք վաճառելով, այլ Հայաստանը: Ընդ որում՝ Ռուսաստանը պատրաստ է իր այդ «երկրորդ» գիծը պաշտպանել համատեղ զորախմբով, որը, հասկանալի է, ավելի շատ ռուսական է լինելու, քան համատեղ: Եվ ումի՞ց է պատրաստվում Ռուսաստանը պաշտպանել իր «երկրորդ էշելոնը»: Բնականաբար՝ Թուրքիայից (ՆԱՏՕ-ից) եւ նրա դաշնակիցներից, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանից, որի անունը, ճիշտ է, չեն տվել, բայց Բաքուն լավ էլ հասկացել է, թե ինչի մասին է խոսքը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ «Իսկանդերը» բարոյականության համար չենք ձեռք բերել, զգաստացրել է Բաքվին, որտեղից դեռ ոչ մի հոդաբաշխ խոսք չի լսվել ի պատասխան այդ հայտարարության, եթե չհաշվենք Ադրբեջանի Պնախարարի ներքին օգտագործման համար նախատեսված սիրողական հայտարարությունները, թե իրենք կկարողանան ոչնչացնել Հայաստանից արձակված հրթիռները: Ադրբեջանն այսօր կարող է պայթել, եթե այդ երկրի հանրությունը վերջնականապես հասկանա, որ պաշտպանության համար ծախսված արդեն տասնյակ միլիարդները ստրատեգիական որեւէ հարց չեն լուծել եւ պարզապես երկաթի ջարդոնի են վերածվել երկրի առաջընթացն ապահովելու եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն:

Ժիրինովսկու հայտարարությունը Կրեմլի հայտարարություն չէ, բայց նրա հայտարարություններին քամահրանքով վերաբերվելն էլ ճիշտ չի լինի: Դիցուք՝ հայ-թուրքական թեմայով նա առնվազն մի քանի հայտարարություն է արել, որոնցում թե Թուրքիան է գովերգվել, թե Հայաստանն ու հայ ժողովուրդը, թե Թուրքիան է փնովվել, թե Հայաստանը քննադատվել ռուսական բարերարությանը ոչ ադեկվատ արձագանքելու համար: Այս վայրիվերումները ճշտությամբ արտացոլում են ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումները: Ժիրինովսկու հայտարարությունը, որ Հայաստանը պաշտպանական գիծ է, նշանակում է՝ Ռուսաստանի համար սպառնալիք է այն ամենը, ինչ գտնվում է այդ գծից այն կողմ: Իսկ այս դեպքում դա Թուրքիան է, նաեւ Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանը, որի հետ հարաբերություններ կառուցել Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց:

Մոսկովյան վերլուծաբանները լավ են հասկանում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո միակ երկիրը, որի շահերը թելադրում են լինել Ռուսաստանի հետ, Հայաստանն է: Մերձբալթյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, որպես պաշտպանական գիծ, այլեւս գոյություն չունեն Մոսկվայի համար: Անհասկանալի է նաեւ, թե ամենամոտ ապագայում ինչ դիրք կգրավեն միջինասիական երկրները եւ նույնիսկ Բելառուսը, եթե Եվրոպան եւ ԱՄՆ-ն սկսեն լրջորեն զբաղվել Լուկաշենկոյով: Հայաստանն է հետխորհրդային տարածքի միակ պետությունը, որին աշխարհաքաղաքական դիրքը, շրջափակվածությունն ու հարեւանների թշնամական վերաբերմունքը, վերջապես՝ Արցախի հարցը, ավելի քան 25 տարի ստիպել են մնալ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ուղեծրում՝ մերժելով Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների եւ Ադրբեջանի ընտրած ուղին: Բայց որքա՞ն դեռ կարող է դա տեւել, եթե Ռուսաստանը, ինչպես այսօր, շարունակի բավարարվել միայն գեղեցիկ հայտարարություններով եւ ոչինչ չանել Հայաստանի հետ հիրավի ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ: Հայաստանը, ի վերջո, անկախ երկիր է, Ռուսաստանի հետ ոչ սահմանակից եւ մի գեղեցիկ օր, մեկ այլ իշխանության օրոք կամ բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, պարզապես կարող է շնորհակալություն հայտնել Ռուսաստանին երկարատեւ «համագործակցության» համար եւ նորանոր հաջողություններ մաղթել փլուզվող կայսրությունը փրկելու իր հետագա գործունեության մեջ: Սա ամենեւին էլ մեծամտություն չէ: Եթե Ռուսաստանին հաջողվեց դեռ ինչ-որ բան անել Սիրիայում, ապա դա միայն այն բանի շնորհիվ, որ այդ երկրի հետ նա ծովային հաղորդակցություն ունի: Իսկ ի՞նչ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում՝սահման Վրաստանի հետ, որի ՆԱՏՕ մտնելուն հաշված ամիսներ են մնացել, եւ սահման Ադրբեջանի հետ, որ Մոսկվայից գրեթե կախում չունի: Դեռ չենք խոսում Հյուսիսային Կովկասի եւ Դաղստանի մահմեդական տարրի մասին, որը ոչ թե պաշտպանական էշելոն է, այլ սպառնալիք նրա անվտանգությանը:

Հետեւաբար, Հայաստանը պաշտպանական գիծ հռչակելուն զուգընթաց պետք է տեսանելի դառնան նաեւ այն քայլերը, որոնք իսկապես տանում են դրան: Այլապես ինչի՞ նման է, երբ դու զենք ես վաճառում քո պաշտպանական գծին սպառնացող երկրին՝ Ադրբեջանին: Ինչի՞ նման է Արցախի հարցն առեւտրի առարկա դարձնելը, երբ այն լուծվել է 25 տարի առաջ: Վերջապես՝ ինչի՞ նման է Հայաստանի արտադրական կարողությունների վրա վերահսկողություն հաստատելն ու դրանց դռներին կողպեք կախելը, գազային մոնոպոլիայի շնորհիվ Հայաստանի զարգացմանը խոչընդոտելը, միգրացիոն օրենքներով՝ պաշտպանական գիծը բնիկ ժողովրդից դատարկելը: Մի՞թե Մոսկվայում կարծում են, որ կկարողանան Հայաստանը պահել առանց հայ ժողովրդի ու հայկական բանակի: Մի՞թե Ռուսաստանին կհաջողվեր Սիրիայում ինչ-որ բանի հասնել, եթե չլինեին Ասադի կառավարությունն ու նրան աջակցող ժողովուրդը:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ միանգամայն իրավացի են մեր այն վերլուծաբանները, ովքեր պնդում են, որ հայ-ռուսական հարաբերությունները դեռ հեռու են լիարժեքորեն կարգավորված լինելուց եւ վերջնականապես կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանին չի նայի որպես իր պաշտպանության գիծ կամ էշելոն: Մոսկվան եթե հույս ունի ի դեմս Հայաստանի նաեւ ապագայում ունենալ ռազմավարական դաշնակցի, ապա պետք է ընդունի, որ Հայաստանը, որպես անկախ, ինքնիշխան պետություն, իրավահավասար պայմաններով դաշնակցային հարաբերության մեջ է Ռուսաստանի հետ, եւ երկու երկրները համատեղ են լուծում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X