Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը կհամալրվի 12 տուֆակերտ քանդակներով

Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը մեծ ու փոքր այցելուների համար առավել հրապուրիչ դարձնելու գաղափարների փաթեթը նախարար Արմեն Ամիրյանը «հանձնարարականների սեղանին» դրեց աշնանը։ Հունվարին սկսվեց շինարարությունը, որին զուգահեռ քանդակագործ Նարեկ Մկրտչյանը ձեռնամուխ եղավ թանգարանի բակի կոճղերից Թումանյանի հեքիաթների հերոսների քանդակները կերտելուն։

Դեռևս անավարտ 12 տուֆակերտներ քանդակներում անդրադարձ կա Անուշի կերպարին, երկրորդ տեղում Քաջ Նազարն է։ Տուֆից քանդակների ամենաերիտասարդ հեղինակը 17-ամյա ուսանող Հովհաննես Բաղդասարյանն է՝ «Շունն ու կատուն» քանդակով։ Անուշի հետաքրքրիր լուծում է առաջարկել Անդրանիկ Բալաբանյանը։

Քանդակներն ավարտուն տեսք կունենան մինչև հուլիսի 26-ը և կմնան Դսեղում։

Նախարարությանը զուգահեռ տեղի բնակիչներն էլ հետաքրքիր ինքնագործունեություն են դրսևորում Դսեղում։ Թումանյանի տուն-թանգարանի մոտակայքում Անահիտ տատիկի տնակային կրպակն է, որտեղ իր պատրաստած տիկնիկներն է իրացնում։ Նրանց մեջ նույնպես թումանյանական հերոսներ կան, նաև՝ հայտնի հայ մտավորականների կերպարներով տիկնիկներ։

Մեկնաբանություն
X