«Ոսկե ծիրան»-ը հրաժեշտ տվեց մայրաքաղաքին

Երեւանի կինոտոնն անցած ճանապարհի տարեգրությունն ավելացրեց եւս մեկ տարով: Միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ եւ բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցված 14-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը: Փառատոնի հաղթողներն ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը: Սիրված փառատոնը հաջորդ տարի իր հանդիսատեսին կներկայանա հոբելյանական ծրագրով:

Հայաստանի մշակութային կյանքին աշխուժություն հաղորդած փառատոնն անցավ ոչ միայն կինոցուցադրությամբ, այլեւ վարպետության դասերի հարուստ ծրագրով: Հանդես եկան ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) եւ այլք:
«Ցանկացած ծրագիր, մինչեւ կյանքի իրավունք ստանալը, անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաեւ կարեւոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն եւ մտել հասունության փուլ: Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար: Այս կինոտոնը նաեւ ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ եւ ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաեւ:
«Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը:

14-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացրեց նաեւ «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երեւանյան պրեմիերաների» շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:

Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվեց: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:

Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մեկնաբանություն
X