Զոհված զինվորի մայրն ընդամենը վեց ամիս դիմացավ առանց որդու․․․

>

Պայմանագրային զինծառայող էր Կարենը։ 22-ամյա Կարենը։
Հորեղբայրը զոհվել էր Մարտունիում՝ Արցախյան պատերազմի ժամանակ և եղբոր տղայի անունը Կարեն էին դրել՝ ի հիշատակ զոհված հորեղբոր։ Ճակատագրի բերումով ինքն էլ Մարտունիում զոհվեց։ Կարենը ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ և 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995 թվականին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:

Այսօր Կարենը կրկին հիշեցրեց իր մասին։

Նարի Հայրապետյանի ֆեյբուքյան էջում կարդում եմ․

Նարի Հայրապետյան

Այսօր աղոթում էի, որ տխուր լուր չլսենք, բայց մենք կրկին արտասվում ենք, մեզանից անժամանակ հեռացավ նահատակ հերոս Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը: Սիրելի Կարեն, քո զոհվելու տարին դեռ չի լրացել,մայրդ ինչպես ամեն օր քո գերեզման է այցի եկել այսօր ևս եկավ , բայց այս անգամ նա ցանկացավ միանալ իր որդուն, վերադարձել է տուն, տանը մահացել: Շատ-շատ եմ ցավում: Խոսքեր չկան սփոփանքի Կարենի եղբորն ու քրոջը ՝ Տիգրանին ու Մադլենային ասելու: Կարենի հայրն Արցախյան պատերազմի ժամանակ գլխից վիրավորում էր ստացել, որի հետևանքով մի քանի տարի հետո մահացել էր, հորեղբայրն Արցախյան պատերազմի նահատակ է,Կարենն էլ զոհվել է սույն թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X