Անպատմելի դաժանություն

Կալանավայրից մեզ հաճախ են զանգահարում՝ բողոքներ, օգնության խնդրանքներ։ Ամենից հաճախ զանգահարում են ցմահ դատապարտվածները։ Երբեմն անգամ առանց խնդրանքի՝ ուղղակի մարդկային շփման կարոտով։ Այս խմբի մեջ, եթե չասենք անարդարացի դատվածներ, ապա իրենց մեղքը վաղուց քաված մարդիկ շատ կան, որոնք 20-30 տարի կալանավայրում են, սակայն հույսը չեն կորցրել, որ մի օր հայտնվելու են ազատության մեջ։ Նրանց մի մասի պատիժն ակնհայտորեն գերազանցում է գործած հանցանքին։ Շատ ավելի ծանր սպանությունների համար 8, 10, 15 տարի ազատազրկման դատապարտվածներ կան, որոնք պատիժը կրել են ու հիմա ապրում են ազատության մեջ։ Իսկ այս անձանց նկատմամբ մի անպատմելի դաժանություն է դրսեւորվում։ Դժվար է հասկանալ իշխանությունների դիրքորոշումը, թե ինչու չի կարելի 22 տարեկանում հանցանք կատարած, 28 տարի բանտում անցկացրած 50-ամյա մարդուն ազատ արձակել։ Մանավանդ՝ եթե նա ռեժիմի խախտումներ չունի, ՔԿՀ սոցիալ-հոգեբանական աշխատակցի ու ադմինիստրացիայի կողմից բնութագրվում է դրական, թմրանյութերի, խաղամոլության մեջ ներգրավված չի եղել։ Որն է նրան բանտում պահելու իմաստը։ Մեր պետությունն այդքան հարո՞ւստ է, որ մարդու հոգսը վերցնի իր ուսերին՝ տասնամյակներով պահի նրան իր հաշվին։ Միաժամանակ վնաս պատճառի դատապարտյալի ընտանիքին, վարկաբեկի արդարադատության գաղափարն ինքնին։ Երեկ կալանավայրից զանգահարած ցմահ դատապարտյալը պատմում էր, որ հերթական անգամ «անկախ» կոչվող հանձնաժողովը մերժել է ցմահների դիմումներն ազատ արձակելու մասին։ Մերժվածներն այնպիսի հուսահատության մեջ էին, որ խոսում էին ծայրահեղ քայլերի՝ ինքնասպանության դիմելու մասին։ Գթություն էին հայցում եւ խոստանում իրենց հետագա կյանքով ապացուցել, որ արժանի են ազատության մեջ ապրելուն։

Մեկնաբանություն
X