Ֆիրդուսու բնակիչների խնդրանքը «հայոց թագավորին»

Ֆիրդուսու փողոցում ռազմական դրություն է։ Առեւտրականներն ամեն րոպե սպասում են քաղաքապետարանի ու թաղապետարանի բուլդոզերներին, որոնց միջոցով ապամոնտաժելու են նրանց տաղավարներն ու սեղանիկները։ Երեկ շուկայում լուր տարածվեց, որ քաղաքապետարանում խորհրդակցություն է եղել, եւ վաղ առավոտյան ոստիկաններով, քանդող տեխնիկայով հարձակվելու են շուկայի վրա։ «Мы принимаем бой, ինչպես ասում են Մաուգլիի մուլտֆիլմում»,- կատակում են բնակիչները։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը, սակայն, հերքեց նման խորհրդակցության մասին լուրերը։ «Առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- ասաց նա։

Երեկ Ֆիրդուսու բնակիչները նամակ են հանձնել ՀՀ նախագահի նստավայր, որի տակ մոտ 200 ստորագրություն է դրված։ Նամակում նրանք հիշեցրել են Սերժ Սարգսյանին, թե ինչպես է նա 2007 թվականին աջակցել իրենց, օգնել, որ փաստաթղթավորեն իրենց տարածքները, խոստացել է, որ իրենց համար շենքեր կկառուցեն, որից հետո դուրս կգան իրացվող տարածքից։ «Բայց կառուցապատողներն իրենց գործառույթները չեն կատարել, ընդամենը երկու փոս են փորել Ֆիրդուսու փողոցում։ Անցել են տարիներ, հիմա էլ շուկայից են կպել»,- ասում են նամակի հեղինակները, որոնք մեզ փոխանցեցին դրա բովանդակությունը։ Նրանք ՀՀ նախագահից աջակցություն են խնդրել, որ թափանցիկ եւ օրինական լինի իրացման ու փոխհատուցման գործընթացը, որ իրենց համար շենքեր կառուցեն, նրա թույլտվությունն են խնդրել, որ շուկան աշխատի այնքան ժամանակ, մինչեւ իրացման գործընթացն ավարտվի։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X