Հասմիկ Պողոսյանն արձագանքում է Արմեն Ամիրյանի հայտարարություններին

«Գրական տապան» միջազգային փառատոնի փակվելու մասին խոսակցություններն սկսվեցին դեռ վաղ գարնանից, մշակույթի նախարարության կողմից ֆինանսական հատկացումն ուշանում էր, ըստ այդմ՝ ուշանում էին նաեւ փառատոնի կազմակերպչական աշխատանքները։ Փառատոնի լինել-չլինելու մասին խոսակցություններին երկու շաբաթ առաջ պաշտոնապես արձագանքեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ փառատոնի գոյություն ունեցող ձեւաչափը չի բավարարում իրենց, իսկ նոր ձեւաչափի մասով քննարկումներ է անցկացնում տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու մարդկանց հետ։ «Կանենք մի բան, որը նման կլինի նախորդ արածներին, բայց դա «Գրական տապանը» չի լինի»,- ասել էր Ամիրյանը։

«Գրական տապան» փառատոնի բովանդակային մասի պատասխանատու Դավիթ Մաթեւոսյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ փառատոնի լինել-չլինելու հարցն այս պահին 2 հասցեատեր ունի, մեկը մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանն է, մյուսը մշակույթի նախկին նախարար, փառատոնի հիմնադիր Հասմիկ Պողոսյանն է, ով 2001-ին հիմնված փառատոնի գաղափարի հեղինակն է եւ այդ ժամանակ հանդիսանում էր ԱՕԿՍ-ի գործադիր տնօրենը։

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին մի քանի գրավոր հարց ուղղեցինք փառատոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ․

- Տիկին Պողոսյան, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր է «Գրական տապան» միջազգային փառատոնն այլեւս չլինի, քանի որ գոյություն ունեցող ձեւաչափը չի բավարարում իրենց։ Ինչպե՞ս է ստացվում, որ 2001-ից իրականացվող փառատոնը, որին նախարարությունը Ձեր օրոք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, հանկարծ դառնում է ոչ արդյունավետ։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցի նկատմամբ։

  • Այս հարցի նկատմամբ մոտեցում կամ կարծիք կունենայի, եթե տեսնեի նախարարության դիրքորոշումը հաստատող որեւէ հիմնավորում։ Չեղած հիմնավորմանը գնահատական տալ չեմ կարող։ Սակայն Ձեր նշած «ոչ արդյունավետ»-ին ի պատասխան կցանկանայի մի քանի թվեր ու փաստեր բերել. 2011-2016 թվականներին իրականացրել ենք 8 փառատոն, որին մասնակցել են 35 երկրներից 116 գրողներ։ Նրանց հայաստանյան այցից հետո ստեղծվել է տարբեր ժանրերի 124 ստեղծագործություն՝ 16 լեզուներով, որոնք թարգմանվել են հայերեն եւ տպագրվել 6 ժողովածուներով: Սրանցից էլ կազմվել է ընտրանի, որը թարգմանվել է ռուսերեն եւ անգլերեն ու տպագրվել մեկական ժողովածուներով: Հիշեցնեմ, որ այս բոլոր ստեղծագործությունները նվիրված են Հայաստանին, հային, հայոց պատմությանն ու մշակույթին։ Սրան զուգահեռ, հայերեն թարգմանվել ու հրատարակվել են այսօր աշխարհում հայտնի, բեսթսելերների հեղինակ դարձած ու նաեւ մեր փառատոնի հյուր-գրողների՝ Յանուշ Վիշնեւսկու, Մարսելա Փոլեյնի, Լյուբիցա Միլետիչի, Մարկ Մուստյանի, Կլաուդիո Պոցանի գրքերը։ Փառատոնի ընթացքում գրողները դասախոսություններ, հանդիպումներ, վարպետության դասեր են անցկացրել ոչ միայն Երեւանի, այլ նաեւ մարզերի ու Արցախի բուհերի ուսանողների համար։

Պետք է նշեմ նաեւ, որ վեց փառատոների ընթացքում օտարազգի գրողների կողքին ու նրանց հետ Հայաստանում ապրել, շփվել, քննարկել, բանավիճել ու նրանց հետ ընկերացել են հայ գրողները (Նշան Աբասյան, Դիանա Համբարձումյան, Վահրամ Մարտիրոսյան, Մարինե Պետրոսյան, Խաչիկ Մանուկյան, Արմենուհի Սիսյան եւ էլի շատերը)։ Սրանք կապեր են, որոնք անհետեւանք չեն մնում։ Հենց այս ընկերության, միմյանց ճանաչելու արդյունքն է դարձել «Գրական տապանի» հայ գրողների մասնակցությունը Ջենովայի, Բեռլինի պոեզիայի, Թբիլիսիի գրականության, Մոլդովայի «Ակցենտ» գրական, ինչպես նաեւ Ռումինիայի «Կուրտեա դե Արգեշի բանաստեղծական գիշերներ» պոեզիայի միջազգային փառատոներին։ Հիշեցնեմ, որ «Գրական տապանը» չի սահմանափակել իր գործունեությունը միայն Հայաստանում։ Տարբեր տարիներին փառատոնի մասնակից-օտարազգի գրողները Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառների հայկական տաղավարներում ընթերցել են իրենց ստեղծագործությունները Հայաստանի մասին։ Սրանք առանց զգացմունքային ֆոնի, առանց վերամբարձ ու պաթետիկ մեկնաբանությունների մեջբերված թվեր ու փաստեր են, որոնք գալիս են հակադարձելու Ձեր վերոնշյալ «ոչ արդյունավետ» ձեւակերպմանը եւ նախարարությանն այլեւս «չբավարարող ձեւաչափ» արտահայտությանը։

- Որոշ խոսակցությունների համաձայն, մշակույթի նախարարությունը չի ուզում այլեւս գումար ծախսել մի գաղափարի վրա, որի մտավոր սեփականատերը Դուք եք (իրավաբանական առումով՝ նույնպես)։ Կան նաեւ կարծիքներ, որ Դուք եք նպաստել եւ արգելք դրել փառատոնը Ձեզնից հետո անցկացնելու վրա։ Խնդրում եմ հստակություն մտցնեք այս շրջանառվող խոսակցությունների հարցում։

  • Չեմ հերքում, որ գաղափարի մտավոր ու իրավաբանական սեփականատերը ես եմ դեռեւս 2001 թվականից։ Սակայն դա իրականացնելու համար աշխատում էր շատ ուժեղ թիմ՝ Լեւոն Խեչոյան, Դավիթ Մուրադյան, Դավիթ Մաթեւոսյան: Հիշեցնեմ, որ առաջին «Գրական տապանն» իրականացվել է հենց այդ թվականին՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ եւ առանց նախարարության մասնակցության։ Իսկ իմ արգելք դնելու մասին միտքը, Դուք ինքներդ շատ լավ բնորոշեցիք՝ «խոսակցությունների» մակարդակում է, ինչն անլուրջ եմ համարում մեկնաբանել, քանի որ անտրամաբանական կլիներ իմ արգելքը մի փառատոնի վրա, որը տարածաշրջանում միակն է ու արդեն իր հաստատուն տեղն ունի այնպես, ինչպես «Ոսկե ծիրանը»՝ կինոյի բնագավառում, «Հայֆեստը»՝ թատրոնի, «Երեւանյան հեռանկարները»՝ երաժշտության եւ այլն:

- «Գրական տապանի» շուրջ քննարկում, զրույց ունեցե՞լ եք Արմեն Ամիրյանի հետ, եղե՞լ են էական անհամաձայնություններ եւ ի՞նչ հարցերի շուրջ։

  • Քննարկում ու զրույց չի եղել, հետեւաբար՝ անհամաձայնություն՝ նույնպես։

- Քանի որ ֆինանսական գործոնը նույնպես շրջանառվում է «Գրական տապան» փառատոնը փակելու հարցում, ապա ասացեք, խնդրեմ, թե մոտավորապես ինչքան գումար էր հատկացնում նախարարությունը փառատոնի անցկացման եւ հրավիրյալ գրողների վրա։

  • Ես թռուցիկ ներկայացրեցի կատարված հսկայական աշխատանքը։ Դրա դիմաց տրված գումարի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ նախարարությունից, գումարը տրվել է հաստատված նորմատիվների համաձայն, ոչ ավելի, քան միջազգային մյուս փառատոներին է տրվել:

- Լինելով փառատոնի հիմնադիրներից մեկը, «Գրական տապանը» գիտեք հիմքից, զարգացման ի՞նչ հեռանկարներ եւ պոտենցիալ ունի փառատոնը մեր երկրում։

  • Մի քիչ անհամեստ կթվա կատարած աշխատանքը գնահատելը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ «Գրական տապան» միջազգային փառատոնը, թերեւս, մեր մշակութային դաշտի ամենակայացած, ամենաարդյունավետ ու ամենահեռանկարային ծրագրերից մեկն է։ Եվ հիմա ուզում եմ հայտնել, որ այս փառատոնը ծնունդ է առել առանց մշակույթի նախարարության աջակցության եւ կարող է ինքնուրույն էլ ապրել ու շարունակել իր գործունեությունը: Ի դեպ, մենք արդեն սկսել ենք աշխատել 2018 թ. «Գրական տապանի» ծրագրի վրա եւ բանակցություններ ենք վարում Նոբելյան երկու մրցանակակիր գրողների հետ՝ հաջորդ փառատոնին մասնակցելու նպատակով: Իսկ զարգացման ու հեռանկարների հետ կապված՝ ուզում եմ մի օրինակ բերել։ Այսօր մենք կարդում, հիանում ու աշխարհին հպարտորեն ներկայացնում ենք Բրյուսովի, Մանդելշտամի, Բիտովի, Գուերայի եւ էլի շատ-շատերի Հայաստանի մասին գրված գրական ստեղծագործությունները։ Մենք առիթը բաց չենք թողնում հպարտորեն մեջբերելու Հայաստանի, Տավրոսի լեռների ու հայկական բնության մասին Լեոնարդո դա Վինչիի մի քանի նախադասությունը, մեր մասին գրված Հերոդոտոսի, Կանտի, Ստրաբոնի աշխատությունները։ Կարեւո՞ր են սրանք մեզ համար։ Իհարկե՛, կարեւոր ու անհրաժեշտ են այնպես, ինչպես «Գրական տապանի» մասնակից գրողների մտքերն ու ստեղծագործությունները, որոնք ծնվել են Հայաստանից ու հայից ոգեշնչված։ Սրանք ոչ այլ ինչ են, քան ապագային ուղղված կարեւոր վկայություններ՝ հայի ինքնության ու տեսակի, պատմության ու մշակույթի մասին։

ՀԳ․ Փաստորեն, Հասմիկ Պողոսյանը «նախարարության դիրքորոշումը հաստատող հիմնավորում» չի համարում Ամիրյանի տված պարզաբանումը, ասել է թե՝ կամ հույսեր ունի, որ նա կվերանայի իր որոշումը «Գրական տապանի» մասով, կամ էլ կան իրավիճակը պայմանավորող այլ հանգամանքներ։ Հետաքրքրական է նաեւ այն, որ Հասմիկ Պողոսյանը նշում է՝ սկսել են աշխատել 2018 թ. «Գրական տապանի» ծրագրի վրա, եւ փառատոնը կարող է ինքնուրույն էլ ապրել ու շարունակել իր գործունեությունը՝ առանց մշակույթի նախարարության աջակցության։ Ստացվում է՝ նախկին նախարարը, ի դեմս ԱՕԿՍ-ի, կշարունակի «Գրական տապան» փառատոնը՝ անկախ գործող նախարարի համաձայն լինել-չլինելուց։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X