Ճանապարհին

Իհարկե, Հայաստանում ե՛ւ քաղաքականությունը կփոխվի, ե՛ւ քաղաքական դաշտը, հասարակությունը, դրա բնույթը, ղեկավարման ողջ սիստեմ-կառույցը՝ իր շերտային, մուտացիոն ու ներփակ դասակարգերով: Իհարկե, կգան ուրիշ մարդիկ, կբերեն իրենց սահմանած գաղափարները, դավանանքը, եզրահանգումները, խիստ տարբեր վճիռները, ժամանակի ու տարածության նոր անդրադարձումներ կբերեն: Եվ այդ «ուրիշ մարդիկ» հիմա էլ, հենց այս պահին ապրում են ու ստեղծում բոլորի հետ, եւ, գուցե, բոլորի մեջ կան նրանցից շատերը:

Միեւնույն է՝ ինչ-որ բան Հայաստանում այս համատարած հանրության մեջ կատարվում է, անկասկած՝ «ուրիշ մարդկանց» շրջահայաց խոհերում՝ «ուրիշ մարդկանց», որոնք բնավ ընտրյալներ չեն, քանզի ունակ են շեղության ու ցրվածության այս օրերին պահպանել անդրդվելիության մոտիվը՝ համոզմունքով, որ գալիքը հստակ, այժմյան իրականությունն է, ուստի վաղը հիմա է: Բերջերի բնորոշմամբ՝ «ինչպես իսկական հեղափոխականներին է հատուկ», նրանք հավատում են վաղվան, այլապես աշխատելու, ստեղծելու եւ լինելու ապրելակարգը որեւէ իմաստ չէր ունենա: Իմաստը կապիտալիզմի համար սոսկ ոճ է, որի ծառայություններից հավասարապես կարող են օգտվել բոլորը եւ օգտվում են՝ երկարուձիգ տարիներ գործարկում են փնտրելու մեխանիզմը ցվերջ, մինչ այն պահը, երբ սպառվում են իրատեսության բոլոր օբյեկտիվ միջոցները:

Իշխանության համար կարծեցյալ հուսահատությունը գտնված երազ է, որը հեշտորեն, մեկ հարվածով տնօրինման ու վերահսկման լծակի է վերափոխվում: Կարծեցյալ հուսահատության բավականին զորեղ շրջագծից դուրս գալն իրապես հեշտ գործ չէ, այդուհանդերձ նրանք, ովքեր ճանապարհին են (եւ կամ իրենք են ճանապարհը), քաղաքականությամբ զբաղվողները, քաղաքական դեմքերը, դեմքերի հակոտնյաները չեն:

Նրանք մտավոր գործունեությամբ, արվեստով, մշակույթով, տնտեսությամբ, սոցիոլոգիայով ու հոգեբանությամբ զգաղվողները չեն (առհասարակ՝ զբաղվողները չեն):

Սոցիալական կայքերի ստատուսագիրներն ու կիսվող-կիսողները չեն եւ ոչ էլ մասնահատուկ, ներփակ կյանքով ապրող մարգինալները կամ շրջանակները՝ գիտական շրջանակ, ակադեմիական շրջանակ, կուսակցական շրջանակ, տարաբնույթ համայնքներ ու կազմակերպություններ: Ընդսմին, ինտելեկտուալներն ու ապաինտելեկտուալները չեն… «ուրիշ մարդիկ» են, նրանք, ովքեր վերստին բանաձեւելու են իրականության ընթացակարգը՝ մերժելով ու փոշիացնելով այս իշխանությունների կողմից նոր տնտեսական, սոցիալական, համակարգային իրականություն ստեղծելու բոլոր փորձարկումները:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X