Քաղաքագրություն. Երեւանը՝ Մեծ պատերազմի տարիներին

Երեւանցիները խոշոր աշխատանք կատարեցին՝ կառուցելու ռազմական ամրություններ՝ խրամատներ, գազապաստարաններ, թաքստոցներ, կրակային կետեր, հակատանկային արգելքներ եւ այլն: Պատերազմի առաջին տարում քաղաքի տարբեր մասերում ստեղծվեց 110 գազապաստարան, ուր անհրաժեշտության դեպքում կարող էր պատսպարվել 40 հազար մարդ: 50 հազար մարդ էլ կարող էր պաշտպանվել օդային ռմբակոծությունից եւ հրետանային կրակից՝ հատուկ թաքստոցներում:

Քաղաքացիների ռազմական պարտադիր ուսուցման կազմակերպման եւ քաղաքի ամրապնդման գործում կատարած օրինակելի աշխատանքի համար Երեւանի կայազորի հրամանատարությունն արժանացավ Կովկասյան ռազմաճակատի ռազմական խորհրդի շնորհակալությանը:

Պատերազմի երկարատեւ բնույթ ստանալն ու ռազմական գործողությունների մոտենալը 1942 թվականի ամռանը Անդրկովկասին՝ մի կողմից, եւ այդ ժամանակ Անդրկովկաս ներխուժելու նպատակով սահմանների մոտ թուրքական զորքերի կենտրոնացումը՝ մյուս կողմից, իրական վտանգ ստեղծեցին Երեւանի համար: 1942 թվականի հոկտեմբերի 3-ին Երեւանի կայազորի պետը քաղաքում ռազմական դրություն մտցրեց, իսկ հակաօդային պաշտպանության շտաբը հաջորդ օրը, ի լուր ամենքի, հայտնեց, որ «հակառակորդի օդային սպառնալիքի կապակցությամբ 1942 թվականի հոկտեմբերի 4-ի ժամը 24-ից Երեւան քաղաքը հայտարարվում է սպառնական դրության մեջ»: Երեւանցիներն իրենց համար մեծ փորձության այդ օրերին էլ ցուցաբերեցին բարձր կարգապահություն, գիտակցություն ու կազմակերպվածություն, սոցիալիստական հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածություն՝ ռազմական դրության պայմաններում եւս իրենց անձնազոհ աշխատանքով ամրապնդելով երկրի հզորությունը, օգնելով պատերազմի դաշտում մարտնչող սովետական բանակին:

Երեւանի արդյունաբերությունը բանվորական ուժով ապահովելու գործում խոշոր դեր կատարեց արտադրության մեջ կանանց ընդգրկումը: Այդ աշխատանքը ծավալվել էր դեռեւս նախապատերազմական ժամանակաշրջանում, երբ տնտեսության, մասնավորապես արդյունաբերության բուռն զարգացումը բանվորական ուժի խիստ պահանջ առաջ բերեց, եւ հայ կինը ոտք դրեց իր համար բոլորովին նոր՝ հասարակական արտադրության բնագավառ: Պատերազմի հենց առաջին օրերից շատ կանայք գործով ապացուցեցին իրենց հայրենասիրությունը, աշխատանքի անցան արդյունաբերության մեջ եւ տրանսպորտում, կարճ ժամանակամիջոցում ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ, ստացան համապատասխան որակավորում, սկսեցին հաջողությամբ աշխատել արտադրության մեջ: Հայրենական պատերազմի ժամանակ տարեցտարի աճում էր քաղաքում անմիջական արտադրության մեջ զբաղված կանանց թիվը: 1941 թվականին արդյունաբերության մեջ նրանք կազմում էին բանվորների 37,3 տոկոսը, իսկ 1942 թվականին ՝ 54,4 տոկոսը: 1944 թվականին Սպանդարյանի շրջանում արտադրության մեջ զբաղված բանվորների 67 տոկոսից ավելին կանայք էին:

Արտադրության մեջ իր հայրենասիրական աշխատանքով աչքի էր ընկնում երիտասարդությունը: Պատերազմի ժամանակ մայրաքաղաքի կոմերիտմիությունն աճեց ավելի քան 13 հազար երիտասարդներով: Դրանց մի մասը բանակ զորակոչվեց, իսկ մյուս մասն աշխատում էր գործարաններում ու ֆաբրիկաներում, շինարարությունների վրա:
Տնտեսության ռազմական վերակառուցումը հիմնականում ավարտվեց պատերազմի առաջին տարում: Հայաստանի մայրաքաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները, այդ թվում՝ տասնյակ խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ, սկսեցին ռազմական արտադրանք տալ: Դրանց շարքում առաջիններից մեկը Կիրովի անվան գործարանն էր, որի արտադրանքը հատկապես կարեւոր նշանակություն ձեռք բերեց, երբ հակառակորդը զավթեց Դոնբասը, եւ էվակուացվեցին Կոնստանտինովկայի գործարանները, որ սոդա էին մատակարարում Բաքվի եւ Գրոզնու նավթարդյունաբերությանը: Կիրովի անվան գործարանը պաշտպանության պետական կոմիտեից առաջադրանք ստացավ՝ սկսել կաուստիկ սոդայի թողարկումը՝ որպես կարեւոր գործոն Բաքվի եւ Գրոզնու նավթարդյունաբերության անխափան աշխատանքի եւ, հետեւաբար, ավիացիան ու տանկերը վառելիքով ապահովելու համար: Նա կարճ ժամանակում յուրացրեց սոդայի արտադրությունը, եւ Երեւանն սկսեց այդ կարեւոր հումքը Բաքվին ու Գրոզնուն մատակարարել՝ ապահովելով վառելիք թողարկող գործարանների նորմալ աշխատանքը:

Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X