Իրավունք

Բազմաթիվ սանկցիաներ, ընդմիջումներ «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ․ ֆոտոշարք

>

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստը չտարբերվեց նախորդներից․ կրկին նույն պատժիչ գործողությունները փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ, փաստաբաններին զննության-խուզարկության խնդիրը, տեւական ընդմիջումները։

Ամբաստանյալների պաշտպաններից՝ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Նինա Կարապետյանցը պատճառաբանեցին, որ իրենց կարգադրիչները ոչ թե զննում են, այլ խուզարկում եւ դատարան չմտան:

Տեւական ժամանակ խորհրդակցական սենյակում որոշում կայացնելուց հետո այսօր սանկցիաներ կիրառվեցին փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա երեք քաղաքացիների նկատմամբ։ Բոլորի դեպքում էլ պատճառը մեկն էր՝ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ։

Դատական նիստը մեկնարկելիս դատական նիստերի դահլիճում տասնութ ամբաստանյալներից երկուսն էին ներկա՝ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը, իսկ մյուսներին դատավորը նախորդ նիստին հեռացրել էր դատական նիստերի դահլիճից՝ վեց ժամով դատարանի նիստերի դահլիճ մտնելիս ոտքի չկանգնելու համար։ Սակայն, բոլոր փաստաբանների միջնորդությամբ հեռացված ամբաստանյալները բերվեցին դատական նիստերի դահլիճ՝ հակառակ մեղադրող դատախազների առարկությանը։

Միջնորդության վերաբերյալ խոսքի հնարավորություն տրվեց նաեւ ամբաստանյալ Արամ Մանուկյանին, որը ոչ թե խոսեց միջոնդորդության, այլ այն մասին, թե իրենք ինչ են արել․ «Մենք ապստամբություն ենք արել, մեր ապստամբությունը հիմա էլ շարունակվում է»:

Դատավորը առարկեց՝ խոսեք միջնորդության մասին, Արամ Մանուկյանն էլ հարց բարձրացրեց՝ եթե իրենց ընկերներին բերեն դատարան ու նրանք էլի ոտքի չկանգնեն, կրկին 6 ժամով սանկցիա պետք է կիրառվի՞։ Դատավորը այս հարցին չպատասխանեց։

Սակայն «Սասնա ծռերի» անդամների ներկայությունը դատական նիստերի դահլիճում երկար չտեւեց։ Մեկ անգամ նրանք ստացան նախազգուշացում՝ դատարանի դահլիճ մտնելիս ոտքի չկանգելու համար, իսկ արդեն երկրորդ անգամ, բացառությամբ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Գեւորգ Իրիցյանի, որոնք ունեն հրազենային վիրավորում, տասը ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից։

Այսօրվա դատական նիստում բուն դատավարական մեկ քայլ է եղել՝ մի քանի ամբաստանյալների ինքնությունն է պարզվել եւ նրանց համար փաստաբան է ներգրավվել գործում, մնացած ժամանակահատվածում դատավորը խորհում էր, բանավիճում փաստաբանների հետ։

Ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը, որի պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, ինչպես նշեցինք, իրեն խուզարկելու պատճառաբանությամբ դահլիճում չէր, ասաց, որ ցանկանում է իր պաշտպանությամբ զբաղվի Շուշանյանը, Թաթուլ Թամրազյանը եւս ասաց, որ չի հրաժարվում իր պաշտպան Մոնիկա Մարգարյանից, որն այս պահին արձակուրդում է:

Ճշտվեցին նաեւ ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Վարդան Գերավետյանի ինքնությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ ամբաստանյալ Արամ Հակոբյանը մինչեւ ՊՊԾ գնդի գրավումն աշխատում էր որպես դպրոցի փոխտնօրեն: Ամբաստանյալ Արայիկ Հակոբյանն էլ տաքսու վարորդ է եղել: Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ, հայտնի որպես «Դեդ», դիմելով դատավորին՝ պարզաբանեց, թե ինչու ոտքի չի կանգնում. «Չե՜մ խոնարհվում այն բանի առաջ, ինչի համար ապստամբել եմ»: Ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ կրկին ոտքի չկանգնելով՝ ասաց դատավորին. «Ձեր աչքի առաջ բռնություն է կատարվել մեր տղաների հանդեպ: Այդ ահաբեկչությունը ժողովրդի հանդեպ է կատարվել»:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 27-ին։

Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X