Հաղթանակ Մխիթարյանի օգնությամբ

Քիչ առաջ ԱՄՆ-ում՝ «International Champions Cup-2017»-ի շրջանակներում կայացավ Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերի՝ Յունայթեդի և Սիթիի երկար սպասված հանդիպումը: Անհաշտ մրցակիցները գալիք մրցաշրջանից առաջ ստուգողական հանդիպումների ընթացքում փորձարկում են իրենց նոր ֆուտբոլիստներին՝ հնարավորություն տալով նրանց ավելի ինտենսիվորեն մտնել և համակերպվել այլ մարտավարությունների, այլ մտածողության շրջանակից ներս: Պատմության մեջ սա առաջին դեպքն էր երբ մանչեսթերյան ակումբները հանդիպեցին միմյանց օտար հողի վրա:

Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղի հենց առաջին րոպեններից մարտական կազմ էր դուրս բերել, որում ընդգրկված էին՝ դարպասապահ Դե Խեան, պաշտպան Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպաններ՝ Անդեր Էրերան, Պոլ Պոգբան, հարձակման գծում հանդես էին գալիս՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը, Մարկուս Ռաշֆորդը, Ռոմելու Լուկակուն, Լինգարդը:

Իսկ ահա Մանչեսթեր Սիթիի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ պաշտպանը՝ ահռելի գումարներով՝ Տոտտենհեմ Հոտսպուրից տեղափոխված Քաել Ուոքերը, նաև ևս մեկ այլ գեր թանկարժեք ձեռք բերում՝ 23-ամյա բրազիլացի դարպասապահ՝ Էդերսոն Սանտանան:

Հենց առաջին րոպեներից խաղն ավելի ակտիվ սկսեցին Կարմիր Սատանաները, նրանք ավելի շատ էին գրոհում, արագորեն անցնում էին հակառակորդի կիսադաշտը, ստեղծում վտանգավոր պահեր: Ինչպես նախորդ երկու խաղերում, այնպես էլ այս խաղում Յունայթեդի լավագույն ֆուտբոլիստը միանշանակ Հենրիխ Մխիթարյանն էր: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Մխիթարյանը իր այս խաղով ունենանալու է էլ ավելի լավ մրցաշրջան՝ երկրպագուներին պարգևելով գոլառատ, գեղեցիկ պահերով լի ֆուտբոլ: Հենոն շատ արագ էր գործում, կազմակերպում էր իր թիմի գրոհները, գնդակներ մատակարում Ռաշֆորդին, Լուկակուին, ապա հենց ինքը վտանգավոր հարվածներ էր կատարում՝ խաղի 20-րդ րոպեին Մխիթարյանը հուժկու հարվածով փորձեց դարպասապահ Էդերսոնի զգոնությունը:

Մանչեսթեր Սիթին ևս փորձում էր գրոհել, գոլային պահեր ստեղծել: Ակտիվ խաղով աչքի էր ընկնում Ռահիմ Ստերլինգը, որոշ դրվագներում նաև արգենտինացի Սերխիո Ագուերոն: 25-րդ րոպեին Ստերլինգ կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածը չեզոքացրեց Դավիդ դե Խեան, Սիթիի վինգեր Պատրիկ Ռոբերտսին 30-րդ րոպեին չհաջողվեց իրացնել ընձեռված գոլային լավ հնարավորությունը: Իսկ ահա Մանչեսթեր Յունայթեդի թերևս այս տարվա գլխավոր ձեռքբերումը՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն արդարացրեց բոլոր սպասումները՝ 37-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Լուկակուն օգտվեց Սիթիի դարպասապահ Էդերսոն Սանտանայի թույլ տված կոպիտ սխալից, շրջանցեց նրան, ապա գնդակը սառնասրտորեն ուղարկեց դարպասը: Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղի և գոլային փոխանցման շնորհիվ Յունայթեդը կրկնապատկեց խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռաշֆորդը:

Ինչպես և սպասվում էր երկրորդ խաղակեսում թիմերի մարզիչները հիմնական կազմերում մի շարք փոփոխություններ կատարեցին: Յունայթեդի կազմում խաղադաշտը թողեցին Դե Խեան, Մխիթարյանը, Բլինդը, Պոգբան, Վալենսիան, Լինգարդ, Ռաշֆորդը: Ընդհանուր առմամբ երկրորդ խաղակեսն ավելի նվազ ու անհետաքրքիր պայքարով անցավ, թիմերը հիմնականում փորձարկեցին նոր, ավելի քիչ խաղային պրակտիկա ստացած ֆուտբոլիստների: 52-րդ րոպեին Յունայթեդի հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող էր իր երկրորդ գոլը խփել, սակայն բելգիացու զորեղ հարվածից հետո Սիթիին արդեն օգնության հասավ դարպասաձողը: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով, Մանչեսթեր Յունայթեդը տարավ իր հերթական հաղթանակը:

Հուլիսի 23-ին կրկին ԱՄՆ-ում, «International Champions Cup-2017»-ի շրջանակներում, Մանչեսթեր Յունայթեդը կհանդիպի Ռեալ Մադրիդին:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X