Հովիկ Աբրահամյանը վաճառում է, Ալեքսանյանը՝ գնո՞ւմ

Արտաշատում վերջին մեկ ամսում ակտիվ խոսակցություններ են շրջում, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է վաճառել իր ահռելի գույքի մի մասը եւ նպատակ ունի բիզնես գործունեությունն առավել ապահով ու հեռանկարային երկրում՝ Գերմանիայում ծավալել: Այդ լուրերն անձամբ նրանից կամ նրա մերձավոր շրջապատից ճշտել չհաջողվեց, սակայն, ինչպես ասում են, «մինչեւ թասը գետնին չընկնի, զնգոց չի լսվի»: Մամուլում էլ վերջին շրջանում հաճախ են հանդիպում հրապարակումներ այն մասին, թե Աբրահամյանը բիզնես նպատակներով պարբերաբար այցելում է Գերմանիա: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին վարչապետը վաճառել է իրեն պատկանող Արտաշատի՝ խորհրդային տարիներին արտադրական մեծ հզորություն ունեցող գործարաններից մեկը՝ «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ի իրեն պատկանող բաժնեմասը (ըստ մեր աղբյուրի՝ Աբրահամյանը ԲԲԸ-ի միանձնյա սեփականատերը չէ, նրանից բացի, մի քանի տասնյակ բաժնետերեր էլ կան: Էլեկտրոնային ռեգիստրում նշված է, որ ընկերությունը գրանցվել է 1995 թ. մայիսի 2-ին):

Գնորդը, ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Նա, ինչպես հայտնի է, արդեն ունի տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը եւ, փաստորեն, որոշել է բիզնեսի այդ բնագավառի աշխարհագրությունը մեծացնել՝ ընդգրկելով նաեւ Արտաշատի տարածաշրջանը: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Արարատի մարզի Ոստան համայնքի ղեկավարի կողմից հիշյալ ՓԲԸ-ին տրամադրվել է նոր հասցե՝ «Գյուղ Ոստան, Երկաթուղայինների փողոց, թիվ 15»: «Մինչ այս, ֆաբրիկան գործել է Գործարանային հասցեում: Դա հին հասցե է: Քանի որ ֆաբրիկան գտնվում է մեր համայնքի վարչական տարածքում եւ Արտաշատ համայնքի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ մենք Գործարանային փողոց չունենք, դրա համար նոր հասցե ենք տրամադրել»,- մեզ հետ զրույցում ասաց Ոստանի գյուղապետ Հակոբ Խաչատրյանը: Հարցին, թե իրո՞ք ֆաբրիկան գնել է Սամվել Ալեքսանյանը, Ոստանի գյուղապետը նշեց. «Ես չգիտեմ, թե հիմնական տերն ով է, բայց իր անվան հետ կապված խոսակցություններ են գնում: Ես էլ Ձեզ պես լսել եմ, որ Ալեքսանյանի անունն են տալիս: Բայց ես չգիտեմ, թե ով է գնել, ում անունով է ձեւակերպված»: Ըստ լուրերի, Աբրահամյանը միայն տրիկոտաժի ֆաբրիկան չէ, որ վաճառքի է հանել, այլ նաեւ իրեն պատկանող «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան» ԲԲԸ-ն՝ ժամանակին հայտնի «Մեխզավոդը»: Գնորդը, ասում են, կրկին Սամվել Ալեքսանյանն է: Դարձյալ նույն՝ 1995-ի հունիսի 2-ին պետական գրանցում ստացած գործարանի գործունեությունը, ինչպես տեղեկանում ենք էլեկտրոնային ռեգիստրից, դադարեցված է: Վերագործարկումից առաջ, ինչպես պարզեցինք, ներկայումս ընթանում են մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ:

Նախկին վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ որդուն, եղբայրներին պատկանող առասպելական կարողության մասին տեղեկություններ մամուլում (եւ ոչ միայն տեղական) պարբերաբար են հայտնվում: Ըստ այդմ՝ Աբրահամյաններին են պատկանում երկու տասնյակից ավելի ձեռնարկություններ, ավազի 3 հանք՝ Արաքս գետի ափին, 1500 հեկտար խաղողի այգիներ՝ Արտաշատում, ավելի քան 10 գազալցակայան՝ Երեւանի սահմաններից դուրս, «Արարատցեմենտի» բաժնետոմսերի մեկ երրորդը, Երեւանից դուրս եկող մայրուղիներում խաղատներ, բենզալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը ձեռք է բերվել 2007-ին՝ 7 միլիոն դոլար արժեքով, թիվ 5 ավտոպարկ տրեստը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի գաստրոնոմը, Արտաշատի հյուրանոցը եւ դրանում գտնվող ռեստորանը, մեխանիկական գործարան՝ Մխչյան գյուղում եւ ավտոձեռնարկություն՝ նույն գյուղում, բետոնի գործարան, 200 հեկտար հողեր Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում, հանգստյան տուն Ծաղկաձորում եւ 5 հեկտար հող, երկու բազմահարկ շենք Երեւանի Հանրապետության փողոցում, տուն Սեւանա լճի հարեւանությամբ, 2500 քառակուսի մետր տարածք Երեւանի «Հաղթանակ» այգու հարեւանությամբ, արտասահմանյան արտադրության տասնյակ ավտոմեքենաներ: Արդյո՞ք այս ողջ գույքը նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձեռք է բերել «հալալ քրտինքով», թե՞ այս ամենն ապօրինի հարստացման դասական օրինակ է՝ կարող են պարզել իրավապահները:
Փաստ է, որ ՀՀ-ում հուլիսի 1-ից օրենք է գործում, ըստ որի՝ ապօրինի հարստացումը քրեական պատասխանատվություն է նախատեսում: Սակայն օրենքը ետադարձ ուժ չունի, եւ այն, հուրախություն շատ իշխանավորների, չի սպառնում մինչ այս պետության հաշվին հարստացածներին: Այս օրենքի «կնքամայրը» Հովիկ Աբրահամյանի օրոք արդարադատության նախարար աշխատած, ներկայումս ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X