Մայր Աթոռը հոսա՞նք է վաճառելու «Ցանցերին»

Գայանե եկեղեցուն հարակից տարածքում ձմռանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող արեւային ֆոտովոլտային կայան է գործելու։ Այն ունենալու է մեկ մեգավատ հզորություն։ Առայժմ շինարարությունը չի սկսվել, տարածքում դեռ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքներն իրականացնում է «Թունյան հիմնադրամը»։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը ոչինչ չի հայտնում արժեքների մասին։ Սակայն հայտնի է, որ նման կայանի ներդրումային արժեքը գնահատվում է մոտ 1 մլն․ դոլար։ Ամռան վերջին կավարտվեն արեւային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։ Դրանք հնարավորություն կտան տաք ջրով ապահովել եկեղեցու բոլոր կառույցները։ Սա արեւային ջրատաքացուցիչների ամենամեծ համակարգն է լինելու Հայաստանում։ Ստեղծվելու է նաեւ արեւային այգի, որտեղ կցուցադրվեն էներգախնայող լույսեր եւ այլ սարքեր, ապակեպատ մակերեսների վրա տեղադրվելու են էներգախնայող թաղանթներ, ծախսերի ուսումնասիրությունն էլ իրականացվելու է էներգիայի մոնիտորինգի հատուկ համակարգի միջոցով, որը կօգնի հնարավորինս բացառել ռեսուրսների վատնումը։

Մայր Աթոռը հպարտանում է նորարարական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում իր այս գործունեությամբ՝ հայտարարելով, որ բնապահպանական նպատակ ունի։ Իսկ ծրագրի անվանումն աստվածաշնչյան է՝ «Եղիցի լույս»։ Բայց ակնհայտ է, որ «Եղիցի լույսն» այս դեպքում հավասար է «Եղիցի եկամտի», քանի որ, արեւային տեխնոլոգիաներ ներդնելով, եկեղեցին մի նոր ու գերեկամտաբեր բիզնես է ունենալու, որի համար Մայր Աթոռը, որպես պետություն պետության մեջ, ոչ հարկ է վճարելու, ոչ էլ հաշվետու է լինելու պետությանը։

Մեր տեղեկություններով, Սուրբ Էջմիածինը մտադիր է ամբողջությամբ անցնել արեւային էներգիայի օգտագործման եւ այլեւս հոսանք չգնել «Հայաստանի էլեկտրական ցանցերից», դեռ հակառակը՝ ինքն է հոսանք վաճառելու այս ՓԲԸ-ին։ Մեր տեղեկություններով, էլեկտրաէներգիայի այն քանակը, որը եկեղեցին արտադրել է, բայց չի սպառել, վաճառվելու է «Ցանցերին»։ Արեւային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը Հայաստանում, ըստ էներգետիկայի նախարարության տվյալների, սահմանված է 42.645 դրամ, առանց ԱԱՀ-ի, եւ մինչեւ 1 ՄՎտ հզորության արեւային կայան կառուցելու դեպքում պետությունը երաշխավորում է, որ ՀԷՑ-ն այդ կայանի կողմից արտադրված էլէներգիան 20 տարի այդ սակագնով ամբողջովին պարտավոր է գնել։ Թե ինչ են անելու այս գումարների հետ, հանրությունը վերահսկել չի կարող։ Մնում է հավատալ հոգեւոր հայրերի ազնիվ խոսքին։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանին մի քանի հարց ուղղեցինք։

  • Ինչպե՞ս է իրացվելու արեւային կայանում արտադրված հոսանքի ավելցուկը։ Ճի՞շտ է, որ վաճառվելու է ՀԷՑ-ին եւ ի՞նչ գնով, եթե գաղտնիք չէ։ Որքա՞ն եք արտադրելու, որքա՞ն վաճառելու։

  • Այդ դաշտի կանոնակարգման օրենք կա: Բնականաբար, Մայր Աթոռն առաջնորդվելու է օրենքով: Սակայն նկատի ունեցեք մեկ այլ կողմ եւս, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կառույցները բազմաթիվ են, եւ ստացված էլեկտրաէներգիան պարզապես նպաստելու է այդ կառույցների գործունեությանն ուղղված համապատասխան ծախսերի սոսկ նվազեցմանը, միջոցների տնտեսմանը, որոնք իրենց հերթին կնպատակաուղղվեն այլ սոցիալական ծրագրերի: Ինքը՝ ծրագիրը, բնույթով արդեն իսկ բնապահպանական-սոցիալական է:

  • Հասկանալի է։ Ես հարցնում եմ էլեկտրաէներգիայի ավելցուկի մասին։ Ինչպե՞ս է այն իրացվելու։ Տալու եք, որ «Ցանցե՞րն» իրացնեն եւ ի՞նչ գնով։

  • Մնացյալ հարցերին կպատասխանեն համապատասխան կառույցները, երբ վերջնական կլինեն բոլոր նախագծային աշխատանքները եւ ըստ այդմ հաշվարկելի՝ Ձեր ակնկալած ծավալները: Այս պահին որեւէ արժեք չեմ կարող մատնանշել, ներկայիս «Թունյան հիմնադրամի» բարերարությամբ կառուցվում է «Եղիցի լույս» ծրագրի մեկ՝ արեւային ջրատաքացուցիչների հատվածը:

  • Սոցիալական ծրագրեր ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Բարեգործական ճաշարաննե՞ր։ Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը։

  • Մայր Աթոռի սոցիալական ծրագրերը բազում են, այդ մասին տարբեր առիթներով խոսել ենք: Կարող ենք առանձին մի նյութ Ձեզ հետ էլ պատրաստել, եթե ցանկանաք։

  • Ես նկատի ունեմ արեւային կայանի եկամտով իրականացվող ծրագրերը, դրանք արդեն որոշվա՞ծ են։

  • Դրանք ընթացիկ սոցիալական ծրագրերն են: Բնական է, որ խնայված գումարները պետք է նպատակաուղղվեն ըստ անհրաժեշտության այլ սոցիալական ու կրթական ծրագրերին, որ իրականացվում են եկեղեցու կողմից: Ի դեպ հավելեմ, որ առաջիկայում Մայր Աթոռն Էջմիածնի եւ շրջանների երեխաներին հնարավորություն կընձեռի հաճախել

«Թումո» կենտրոն, որ եւս կառուցվում է Մայր Աթոռի հովանու ներքո:
Այսպիսով ստացվում է, որ, մոտավոր հաշվարկներով, մի քանի մլն․ դոլարի ներդրում պահանջող տեխնոլոգիաներ ներդնելով՝ Մայր Աթոռը ոչ թիվ է հրապարակում, ոչ հաշվարկել է իր եկամուտը, ոչ էլ գիտի, թե ինչ նպատակների է պատրաստվում ծառայեցնել տնտեսված գումարներն ու եկամուտը։ Մեր կաթողիկոսը բոլորովին զուրկ է բիզնես մտածողությունից։ Մինչդեռ մասնագետները վկայում են, որ ֆոտովոլտային կայանները շատ եկամտաբեր են, քանի որ վերջին տասը տարում ֆոտովոլտային էլեմենտների գինը մոտ 80 տոկոսով իջել է, եւ այդ կայանների եկամտաբերությունն ավելացել է։ Իսկ դրանցում արտադրված էլեկտրաէներգիան ջերմակայանում արտադրված հոսանքի գինն ունի կամ նույնիսկ ավելի ցածր է։ Թեեւ Հայաստանում արեւի էներգիայի մեծ ներուժ ունենք, բայց դրա օգտագործման բարդությունն այն է, որ այդ ոլորտում ահռելի ներդրումներ են պահանջվում։ Եկեղեցին այս խնդիրը, իհարկե, չունի։ Իսկ Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի արեւային կայանի՝ «Մասրիկ-1»-ի կառուցման համար այս պահին միջազգային մրցույթ է ընթանում։ Կայանը 55 մեգավատ հզորություն է ունենալու։ Այս պահին, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տվյալների, մրցույթին մասնակցում են 10 ընկերություն եւ կոնսորցիում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X