Ազատություն շնորհեք

Երեկ Հայաստան տեղափոխվեց Հրաչյա Հարությունյանը, որի ողբերգությանը մենք սկսել ենք հետեւել 2013 թվականից, երբ ռուսաստանյան Պոդոլսկի մերձակայքում նրա վարած «Կամազը» վթարի ենթարկվեց՝ բախվելով մարդատար ավտոբուսին, եւ դրա արդյունքում 18 մարդ զոհվեց։ Ռուսական դատարանը նրան դատապարտեց 6 տարի 9 ամիս ազատազրկման։ Բայց խնդիրը ոչ թե պատիժն էր, որը 18, անգամ անզգույշ, մահվան դեպքում գուցեեւ համարժեք պատիժ է, այլ այն վերաբերմունքը, որին նա արժանացավ մեր հարեւան երկրում։ Կանացի ծաղկավոր խալաթով դատարան բերված մեր համաքաղաքացու արցունքները հուզմունքի ու վրդովմունքի պատճառ դարձան։ Հայ հանրությունը դա դիտարկեց որպես մեր ազգային ինքնությանն ուղղված վիրավորանք եւ պահանջեց դադարեցնել ճակատագրի բերումով ամբաստանյալի աթոռին հայտնված մարդու նկատմամբ ծաղրը։ Ռուսական իշխանությունն այդ ընդվզումից որոշակի հետեւություններ արեց, բայց նրա արտահանձնման գործընթացը երկարեց սպասվածից շատ ավելի։ Ոմանք կարծում են, որ Գյումրիում մի ողջ ընտանիք սադիստաբար բնաջնջած Պերմյակովին մերոնք փոխանակեցին Հրաչյա Հարությունյանի հետ։ Եվ 4 տարի ռուսական բանտում անցկացրած, առողջական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացին վերջապես տեղափոխվեց Հայաստան։ Հարազատները հույս ունեն, որ նա հայկական բանտում երկար չի նստի՝ չէ՞ որ լիուլի քավել է անզգույշ հանցագործության համար իր այդպես էլ հիմնավորապես չապացուցված մեղքը։ Սակայն որոշողը հանրապետության նախագահն է, որը կարող է ներել կամ հրահանգել, որ պատժի կրման ավելի մեղմ տարբերակ նախատեսվի։ Մեզանում վթարների համար մեղավորները սովորաբար շատ կարճ են նստում՝ կամ բաց տիպի ազատազրկման տարբերակն է աշխատում, կամ վաղաժամկետ ազատման։ Հուսանք՝ այս դեպքում էլ բացառություն չի արվի։

Մեկնաբանություն
X