Ճվճվ Արոն անցնում էր հեպատիտ C-ի բուժման ծրագրո՞վ

Երեւանի ավագանու նախկին անդամ, ԲՀԿ-ական, քրեական աշխարհում հայտնի Արա Վարդանյանի մահվան փաստով դատաբժշկական եզրակացությունը դեռ չի ստացվել։

Մեր տեղեկություններով, հիմնական վարկածը՝ մահ առողջական խնդիրների պատճառով, հաստատվում է։ Ըստ մահվան վկայականի, պատճառն ուղեղի կաթվածն է եղել։ Հիշեցնենք, որ 53-ամյա Արա Վարդանյանի մարմինը հուլիսի 7-ին գտել էին Կորյունի փողոցի նրա բնակարանում՝ բազմոցին։ Հարեւանները դուռը երկար թակելուց ու արձագանք չստանալուց հետո դիմել էին մարմիններին։ Հայտնի է, որ Արա Վարդանյանը վերջերս էր վերադարձել Ռուսաստանից։ Պարզվում է՝ հայրենիք վերադառնալու պատճառն ուղղակի կապ ունի նրա մահվան հետ։ Ըստ Արա Վարդանյանին ճանաչողների՝ նա լյարդի լուրջ հիվանդությամբ է տառապելիս եղել։ Համացանցից տեղեկացել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հեպատիտ C-ով հիվանդների բուժման ծրագիր է իրականացնելու, որի շրջանակներում Վրաստանից օրիգինալ դեղամիջոց են ստացել՝ «Սովալդի», որն անվճար տրամադրվելու է հիվանդներին, եւ միայն հետազոտություններն են վճարովի լինելու։ Այս հաղորդագրությունը նախարարության կողմից տարածվել էր հունիսի 7-ին։ «Սովալդին» թանկարժեք դեղ է։ Մեկ հիվանդի բուժման արժեքը դրանով, ըստ նախարարության տվյալների, հասնում է մինչեւ 80-100 հազար ԱՄՆ դոլարի։ Տեղեկանալով, որ ծրագրի միջոցները սահմանափակ են, եւ որ միայն 1000 մարդ է այս ծրագրով բուժման ենթակա, Արա Վարդանյանը եկել է Հայաստան, ստացել այդ դեղամիջոցը։ Ինչպես, ինչ չափաբաժնով է օգտագործել, արդյոք պահպանե՞լ է անհրաժեշտ ցուցումները, հայտնի չէ, սակայն ասում են, որ մահից առաջ նա «Սովալդի» է ընդունել։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը մեր հարցին, թե արդյոք Արա Վարդանյանն անցե՞լ է «Սովալդիի» ծրագրով, պատասխանեց․ «Դա անձնական տվյալ է, եւ նախարարությունն այն չի կարող հրապարակել»։ Նա նաեւ նշեց, որ հիվանդներին «Սովալդի» նշանակելուց առաջ հատուկ հետազոտությունների են ենթարկել՝ պարզելու, թե արդյոք կարո՞ղ են ընդունել այն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X