Մի շարք պաշտոնյաներ ներկա էին Մարտունիում հանրային լողափի բացմանը․ տեսանյութ, լուսանկարներ

>

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բացվեց հանրային լողափ քաղաքապետ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնյաններ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, այլք։

Նոր բացված հանրային լողափում տեղի ունենեցավ «Վարդավառ տարածաշրջանային փառատոնը», որտեղ ներկայացված էին Վարդավառի ավանդական ուտեստներ, ավանդական ծեսեր։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան երգիչներ Սեւակ Ամրոյանը, Սոնա Շահգելդյանը, Արաբո Իսպիրյանը եւ ուրիշներ։

Հոգեւորականները նախ աղոթք կարդացին, ապա օրհնեցին ջուրը եւ հայտնեցին, որ կարող են արդեն նշել Վարդավառը։

Մարզպետ Կարեն Բոթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացված լողափը մարտունեցիների համար լինելու է հանգստի հաճելի վայր եւ ավելացրեց, որ Վարդավառը Գեղարքունիքի մարզում նշում են, ինչպես Ամանորը․ «Այսօր մենք երկու տոն ենք նշելու՝ լողափի բացումը և Վարդավառը: Տոնը Մարտունիում նշվում է մեծ շուքով՝ Նոր տարվան հավասար: Այդ է պատճառը, որ այս լողափի բացման օր ընտրեցինք Վարդավառի նախօրեն։ Հանրային լողափերի թիվը հաջորդ տարի կավելանա: Այս տարի այլևս չենք հասցնի, բայց հաջորդ տարի նախատեսում ենք նոր հանրային լողափեր ստեղծել: Պետք է ամեն պայման ստեղծենք քաղաքացիների հանգիստն ապահովելու համար»:

Կարեն Բոթոյանը չի կիսում այն կարծիքը, որ Սեւանում հանգստանալը թանկ հաճույք է, նրա կարծիքով կան եւ ցածր, եւ միջին եւ բարձր գներ ունեցող լողափեր․ «Կան և ցածր, և միջին, և բարձր գին ունեցող լողափեր: Չի կարելի ասել, որ Հայաստանի հանգստի գոտիներում գները բարձր են: Մենք մեր լողափերը համեմատում ենք Վրաստանի հանգստի գոտիների հետ: Սակայն համեմատություն անելիս իրենց ամենաէժան հանգստի գոտին համեմատում ենք մեր ամենաթանկի հետ: Այդպես չի լինի»:

Ինչ վերաբերում է մարզային խնդիրներին, Կարեն Բոթոյանն ասաց, որ դեռևս իր պաշտոնավարման 100 օրը չի լրացել եւ չի կարող խնդիրները ներկայանցել։

Մեր հարցին՝ ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից, Բոթոյանը պատասխանեց՝ լավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X