Գյուղացուն կապում ենք հողին. օրգանական և փիլիսոփայական (լուսանկարներ)

>

Գյուղացուն կապում են հողին

«Հայաստանի նման շրջապատված երկիրը պետք է թանկ ապրանք արտադրի և թանկ գնով վաճառի: Օրգանիկ գյուղատնտեսությունը շատ լուրջ ուղղություն կարող է լինել Հայաստանի զարգացման համար».- համոզված է «Ագրոլոգ» ընկերության մարկետինգի ղեկավար Արա Մարությանը:

«Ագրոլոգ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, սակայն դեռ առաջին քայլերն է կատարում օրգանական գյուղատնտեսության ոլորտում, ավելին՝ գործընկերային օգնություն է ցուցաբերում այլ ֆերմերներին, դասընթացներ անցկացնում ապագայում շուկա ստեղծելու համար: Այս ծրագիրն իրականացնում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում:

Արա Մարությանի խոսքերով՝ օրգանական գյուղատնտեսությունն ավելի շատ աշխատանք և ծախսեր է պահանջում, սակայն արդյունքն էլ իր հերթին ավելի եկամտաբեր է: Մեր զրույցի ընթացքում նկատեցինք, որ ընկերության մարկետինգի ղեկավարին ոչ այդքան եկամուտի միտքն էր գոհացնում, որքան օրգանիկ գյուղատնտեսության գաղափարն ինքնին, նա այդ գործընթացին նայում էր փիլիսոփայորեն. «Հոգեբանորեն էլ ես շատ լավ մարդ դառնում, անում ես լավ գործ: Առողջ, անվտանգ սնունդ բոլորին է պետք, բացի այդ այն բնապահպանական խնդիր էլ է լուծում, բնության տված վնասը վերկանագնելու խնդիր կա, գյուղացուն կապում ենք իր հողին: Գիտեմ ծանր է գնային առումով Հայաստանի նման երկրում: Կարտոֆիլի օրինակը բերեմ. որպեսզի կարտոֆիլի կողքի խոտաբույսերը, մոլախոտերը չաճեն, ընդամենը պետք է 15 րոպե սրսկել քիմիկատով ու վերջ: Դրանից ճիշտ է կարտոֆիլն էլ է վարակվում, բայց մոլախոտ դուրս չի գալիս: Հիմա որպեսզի մենք կարողանանք կոնկրետ Սևանի Ծաղկունք գյուղում ձեռնարկել օրգանիկ կարտոֆիլի ֆերման, ամեն օր 5-6 կին առավոտից երեկո ձեռքով քաղհան են անում: Դա նշանակում է, որ նրանց ամեն ամիս պետք է վարձրատրեն, իսկ կարտոֆիլի գինը կրկնակի, միգուցե եռակի ավելի թանկ լինի: Այսօր Վարդենիսում կարտոֆիլ արտադրողը 80-100 դրամով չի կարողնում վաճառել իր արտադրանքը, բայց մենք արդեն Սևանի Ծաղկունքից պետք է գնենք 400-450 դրամով, որպեսզի վերավաճառողը բերի, իսկ այստեղ էլ 550 դրամով վերավաճառի»:

Կերակրում էին աշխարհը

Արա Մարությանը, ի դեպ, որպես նախաբան մի փոքրիկ պատմական էքկուրս անցկացրեց. «Օրգանիկ գյուղատնտեսությունը ծվել է 1980-ականներին, սկսվեց դա Արևմուտքից՝ ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի երկրներից: Սնունդի անվտանգությունը սկսեց շատ խիստ անհագստացնել, քանի որ 40-ական թվականներից ի վեր սկսել էին քիմիական պարարտանյութերի, հորմոնների օգտագործումը, որոնք սկսեցին բերքը շատ-շատ տալ: Դա արվում էր աշխարհը կերակրելու համար, պատերազմից հետո շատ լուրջ էր խնդիրը: Հետագայում դա դարձավ բիզնես և սկսեցին օգտագործել տարբեր տեսակի հորմոնները: Այդ 40 տարիները հանգեցրեցին նրան, որ արդեն այսօր վիճակագրական տվյալներով Արևմտյան Եվրոպայում 1 ՀԱ հողը պարունակում է 300 կգ-ից ավելի վտանգավոր քիմիկատներ: Նույն տարբերակով Ամերիկան: 80-ականներին արդեն հասկացան, թե ինչ վտանգավոր ուղղության վրա են: Իսկ հիմա մաքուր հողային տարածաշրջանները շատ քչացել են».- պատմեց Արա Մարությանը, հավելելով, որ օրգանական գյուղատնտեսությանն անցում կատարելը բավականին թանկ է, այդ է պատճառը, որ արևմտյան երկրները սկսել են այլ երկրներից օրգանական սնունդ գնել:

Պահանջները խիստ են

-Պարոն Մարության, Հայաստանը որպես հետխորհրդային երկիր, քիմիկատներ մի՞թե չի օգտագործել:

  • Չէի ասի, բոլոր դեպքերում, սովետական հասարակարգում ամեն ինչը չափի մեջ էր: Բացի այդ, այդ ժամանակ խնդիր չի դրվել աշխարհը կերակրելու:

-Իսկ Ձեր արտադրանքը Հայաստանո՞ւմ է սպառվում, թե՞ արտասահմանում:

-Հայաստանը չունի օրգանիկ սպառում: Մեզ մոտ կա փոքր քանակի արտադրություն, որն իրականացնում են մի քանի ընկերություններ, բայց ծավալները շատ քիչ են, որպեսզի արտահանենք, լուրջ չի հնչում: Ծավալները փոքր են, ի վերջո, ինքը թանկ հաճույք է:

-Օրգանիկ արտադրության համար ի՞նչ չափանիշներ են սահմանված, պատմեք մի փոքր պրոցեսի մասին:

-Որպեսզի այգիները դառնան օրգանիկ, պետք է նախօրոք հայտ ներկայացնենք համապատասխան կազմակերպությանը, որ գան հողերը ստուգեն: Կարևոր է, թե որտեղ է գտնվում: Հողը պետք է վերջին 3 տարիներում քիմիա տեսած չլինի: Դրանից հետո կատարում ենք արդեն վճարներ սերտիֆիկացնող մարմնին լաբորատոր փորձաքննությունների համար: 10 միջազգային կազմակերպություններ կան սերտիֆիկացիայի համար, որոնցից մեկը Հայաստանում կա՝ «Էլոբլոգն» է: Պահանջները բավականին խիստ են, նույն պահանջներն են, ինչ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Հաշվի է առնվում, թե ինչ օրգանիկ պարարտանյութեր ես օգտագործում, ինչ բուժանյութեր ես օգտագործում, ինչ արկղերի մեջ ես հավաքում, ինչ տրանսպորտով ես տեղափոխում արտադրանքը, ինչ արտադրամաս ես բերել, ինչ տիպի ինստրուկցիա են անցել աշխատողները, որտեղ ես չորացնում միրգը, ինչ պայմաններում, որտեղ է տեղափոխվում և վաճառվում: Ամբողջ գործընթացը պետք է արվի թափանցիկ, և բոլորը պետք է գրվի: Ստուգող կազմակերպությունն էլ տարին մեկ անգամ հանկարծակի մտնում է մոտդ, ստուգումներ իրականացնում:

-Պարոն Մարության, Հայաստանի ո՞ր մարզերն են համապատասխան օրգանիկ գյուղատնտեսության համար:

-Բոլոր, Հայաստանի մոտ 90 տոկոսն այդ բաներից ապահովագրված է, լավ պայմաններ ունենք: Այսինքն՝ կա բազա աշխատելու: Օրինակ Սևանի Ծաղկունք գյուղում օգնում ենք ցորեն, գարի, կարտոֆիլ, կաղամբ, ծաղկակաղամբ, բրոկոլի, սիսեռ, ոլոռ, գազար աճեցնել... բազմաթիվ մարդկանց օգնում ենք, որպեսզի հետագայում շուկա ստանանք, մենք գնում ենք ավելի մեծ քայլերի: Մենք առայժմ արտահանում քիչ ունենք, այս տարի դեռ կունենանք միայն չիր: Բայց երրորդ փուլը վայրի հավաքն է օրգանիկի, սարերից, անտառներից՝ կանաչեղեն, ուրց, թեյ, խոտաբույսեր և այլն: Հրազդանում մենք օգնում ենք երկու ֆերմերների, որոնք հաճար, ոլոռ, ոսպ են արտադրում, Արագածոտնի մարզում Փարպի գյուղում՝ խնձոր, ծիրան և այլն, Օշականում՝ ազնվամորին, Մեղրիում 20 հա-ի վրա օգնել ենք ֆերմերներին անցնեն օրգանիկի: Սյունիքում արտադրվում է օրգանիկ ձիթապտուղ, որը 6 ամիս հետո կստանանք, Տեղ գյուղում արտադրվում է ծնեբեկը, արդեն միանգամից օրգանիկ, պրոցեսները գնում են, արդյունքները շատ լավն են լինելու:

-Իսկ կառավարության կողմից աջակցություն կա՞:

-Այսօր գյուղատնտեսության նախարարությունը բավականին աշխատանք տանում է, բայց ֆինանսական օգնությունը... կան որոշ բանկեր,որոնք օգնում են սերտիֆիկացիայի հարցերում, կան ծրագրեր, բայց առանց այդ տիպի օգնությունների շատ դժվար կլինի: Տեսեք Թուրքիան ունի 71 հազ սերտիֆիկացված իրավաբանական և ֆիզիկական անձ, կոպիտ ասած հազարից մեկն ունի 70 միլիոնանոց բնակչության դեպքում: Մեզ մոտ՝ 50-100 հազարից մեկն ունի, պետք է միջոցներ շատ գտնենք և պետք է բացատրվի նաև բիզնեսմեններին, որ տեսեք՝ ներդնում եք սա, ստանում եք անսպառ շուկա: Հայ գյուղացին, հայ ֆերմերը միշտ առաջամարտիկ է, ինքը միշտ ուզում է լավն անի, աչքի ընկնի, լրիվ հարցը ֆինանսական խնդիրներն են, որ նրան պետք է օգնել, հենց միայն թեկուզ սերտիֆիկացիայի, հենց միայն թեկուզ պարարտանյութերով: Նորարարություն պետք է կիրառվի, կենտրոնանում են մի արտադրության մեջ և վնասով են աշխատում, բայց այսօր բույսեր կան, որոնք Եվրոպան թանկ գներով ուզում է, օրինակ մասուրը, սխտորը: Կարելի է հետաքրքիր բաներ անել, որի համար այդքան գումար պետք չի:

Ի դեպ, կուզեի անդրադառնալ մակնշումներին, օրենքով արգելված է բիո, էկո, օրգանիկ բառերն օգտագործելը, օրենքը արգելում է, բայց կիրառությունը կա: Դա միայն սերտիֆիկատով կարող է որոշվել:

Հ.Գ. Մենք այցելել ենք Աշտարակում գտնվող «Ագրոլոգ» ընկերություն, որտեղ տնօրեն Տիգրան Ծատուրյանը պատմեց չրարտադրության մասին: Լուսանկարները՝ ստորև:

Մեկնաբանություն
X