Տեղափոխել են ծառերը, կտեղափոխեն նաև Մոնթեի հուշաքարը

>

Սույն լուսանկարն արված է ծառերը տեղափոխելուց առաջ:

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշաքարը կտեղափոխվի ԵՊՀ երբեմնի հյուրատան դիմացից: Այդ մասին երեկ տեղեկացրեցին շինհրապարակում գտնվող աշխատակիցները:

Նախկին հյուրատան կից շենքերի բնակիչներից մեկը մեզ ահազանգել էր երեկ, որ ողջ օրն իրենց անհանգստություն պատճառող շինարարական աշխատանքները հերիք չեն, այժմ էլ գիշերը ժամը 3-ին եկել և հատել են հյուրատան դիմաց աճող ծիրանենին և տոնածառերը: Մենք շտապեցինք «հանցագործության վայր»: Պարզվեց, ծառերն իսկապես այլևս տեղում չեն, սակայն շինհրապարակում գտնվող աշխատակիցները տեղեկացրեցին, որ ծառերը ոչ թե հատվել են, այլ արմատներով հանվել և տեղափոխվել այլ վայր: Մենք, իհարկե կատակով, հարցրեցին հնարավոր է՞ վաղը գանք Մոնթեին նվիրված հուշաքարն էլ տեղափոխած լինեն, ինչին ի պատասխան աշխատակիցներն ասացին, որ շատ հնարավոր է, արդեն դիմել են քաղաքապետարան թույլտվություն ստանալու համար: Միաժամանակ նկատեցինք, որ հյուրանոցի շինարարական աշխատանքները ծավալվել են այս անգամ դեպի մայթեզր, հյուրանոցի մասշտաբները մեծացնում են՝ առաջ բերելով:

Հիշեցնենք, որ Մաշտոցի 52 հասցեում գտնվող ԵՊՀ հյուրատունն առաջիկայում վերածվելու է «Քրոուն պլազայի»։ Ինչպես հիշում եք, ԵՊՀ «Հյուրերի տունը» դեռ 2015 թվականին վաճառվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի, ով հայտնի է նաև Դերժավի Արկադ անունով, հորը պատկանող «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ին։ Համալսարանի շենքը վաճառվել էր 2 մլրդ․ 2 մլն․ դրամով։ ԵՊՀ-ի «հավերժ» ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, որ այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի եւ սպորտի դասերը եւ նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակասլաց լինի»։ Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Ստանիսլավ Համբարձումյանին պատկանող ընկերությունը պայմանագիր է կնքել InterContinental Hotels Group-ի հետ, որի համաձայն հայաստանյան «Քրոուն Պլազա» ապրանքանիշի հավատարմագրային ղեկավարմանը կհանձնվի Մաշտոցի 52 հասցեում գտնվող շենքը։

Մեկնաբանություն
X