Ցանցերը լուծում չեն

Երեկ օրվա լրահոսում մի տեղեկություն գրավեց ուշադրությունս։ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ուղղել Երեւանի քաղաքապետին՝ կամուրջներից ինքնասպանության դեպքերի կապակցությամբ։ Ցավալի վիճակագրություն կար ներկայացված գրության մեջ․ «2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչեւ 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր»: Նշված անձանցից միայն 4-ն է տառապել հոգեկան հիվանդությամբ, մյուսները հոգեպես առողջ մարդիկ են եղել, որոնց այդ ուղուն մղել է անհուսության, անելանելիության զգացումը: Եվ մի նրբություն էլ՝ միջնորդությունում նշված էր, որ այս թվերը բազմապատիկ ավելի կարող էին լինել, եթե ինքնասպանությունների բազմաթիվ փորձերը չկանխվեին պատահական քաղաքացիների ու իրավապահների կողմից։ Եվ քանի որ կանխվելու դեպքում ինքնասպանության դիմած անձն այլեւս հետագայում նման քայլի չի դիմում, Քննչական կոմիտեն առաջարկում է Երեւանի քաղաքապետարանին՝ մտածել այդ փորձերը կանխելու մասին՝ «դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը եւ այլ տեխնիկական լուծումներ»: Կամուրջների տակ ցանցեր քաշելու մասին, անշուշտ, վաղուց է խոսվում, եւ դա կարող է բարդացնել ինքնասպանների «գործը», բայց դա ինքնասպանության պատճառները չի վերացնի։ Նրանք կարող են ելքը գտնել, ասենք, բարձրահարկերից ցատկելու միջոցով։ Չէ՞ որ հնարավոր չէ բոլոր 16 հարկանիների մոտ ցանցեր տեղադրել։ Ուստի խնդրի լուծումը պետք է այլ տեղում փնտրել։

Մեկնաբանություն
X