Քաղաքականություն

Մինչ մեր պաշտոնյաները հանգստանում են․․․

Մի դասախոս ունեինք, հիմա չկա, շատ վախկոտ էր։ Դա մեզ դուր էր գալիս ու անընդհատ հնարքներ էինք բանեցնում, որ նրան վախեցնենք։

Մի օր էլ չղջիկ բերեցինք լսարան, թղթի մեջ փաթաթած, դրեցինք նրա ամբիոնի բաց դարակի խորքում։

Դասախոսությունը կարդալու ժամանակ չղջիկը սկսեց ալարկոտ շարժվել։ Հետո թղթի միջից դուրս եկավ ու․․․ Դե լույսին աչքերը սովոր չէր ու քոռ- քոռ այս ու այն կողմ էր թռչում։

Ուսանողներով նախօրոք պայմանավորվել էինք, որ բոլորը աղմուկ - աղաղակով դուրս կփախչեն լսարանից և ինձ ու դասախոսիս թողնեն լսարանում մենակ։ Այդպես էլ արեցին։

Երբ դասախոսս իմ գոռոցի ու օգնության կանչերի ներքո համարյա գժվել և ուզում էր դուրս փախչել, չկարողացավ։ Երեխեքը դրսից դուռը փակել էին, ինչպես պայմանավորվել էինք ու մեզ չէին թողնում, որ դուրս գանք։ Հենց այդտեղ էլ սկսեցի բանեցնել իմ ամենամեծ հնարքը։

-Նա թռչող օձ է,- գոռում էի ու դասախոսիս քաշքշելով պատերին էինք խփվում։

Էդ խեղճ դասախոսս աչքերը փակել ու միայն իմ ձայնով էր առաջնորդվում․

-Վա՜յ, աչքդ չբացես, հարձակվում, ֆշշացնում է ու ինքս ինչ ձայն ասես, հանում էի։

Երեխեքն էլ միջանցքում գոռոցներն էին դրել՝ վա՜յ օձը մեր Հասմիկին ու էսինչին ուտում է, հասե՜ք։

Գոռոցների վրա մեր ամբիոնի վարիչն ու դեկանը դուրս եկան՝ ի՞նչ օձ․․․
-Լսարանում է։
-Բա դուռն ինչու՞ եք դասախոսի և ուսանողի վրա փակել։

․․․․

Մեր դեկանը կենդանաբանության մասնագետ էր և ախ ու վախ չուներ։ Մի կողմ քաշվեք,- հրամայեց։

Երբ դուռը բացեցին, դեկանը վստահ քայլերով մոտեցավ և նայեց պատի անկյունում կուչ եկած դասախոսիս ու արծիվ կտրած ուսանողուհուն։ Մեզնից քիչ հեռու պատից կառչած էր չղջիկը։ Երկու մատով թղթով բռնեց չղջիկին ու տարավ գցեց ոչ ավել, ոչ պակաս, զուգարան։ Դասախոսս էլ համարյա կիսակաթվածահար, չիմանալով, թե ինչ է անում, մի րոպե հետո մտավ նույն զուգարան ու մի գոռոց ենք լսում, մի՜ գոռոց, մինչև հիմա ձայնն ականջումս է։

Թե ինչ սեանսներ էր զուգարանում տվել չղջիկը, միայն պատկերացնել կարելի է․․․

Ինչու՞ հիշեցի այս դեպքը։ Մեր պաշտոնյաները հանգստանալու են գնացել, ամեն մեկը մի ծովափում, մի լողափում, դուռը մեր ետևից փակել ու․․․ սարսափազդու ձայներ․․․ Վթար, վթար, էլի վթար։ Պարան, կախված ու էլի պարան։ Օձ, կարիճ ու էլի օձ։ Շոգ, անասելի շոգ ու խեղդուկ։ Մահ, սպանություն, բռնաբարություն, էլի մահ։
Նայու՞մ եք լրահոսը։

Ոնց որ մեր պաշտոնյաները դուրս են փախել, դուռը հետևից փակել, իսկ ներսում սարսափ ֆիլմ է՝ վթարներ, սպանություններ, հաշվեհարդարներ, «ռազբորկաներ», այնպիսի բաներ, որ մահը ցանկալի է դառնում։ Արդեն սկսել եմ մտածել, որ Հայաստանում էլ ուրիշ թեմա չկա՝ երբ պաշտոնյաները չկան, ընտրվում է նրանց համարժեք մի թեմա․․․

Հուլիսի 27-ից էլ ասում են այնպիսի շոգ է գալիս, որ դրա կողքին մեր պաշտոնյաները հովեր ու զովեր են․․․

Ինչևէ, պաշտոնյաները հանգստանում են, իսկը առիթ է, մի քիչ էլ մենք հանգստանանք նրանցից․․․ Մեր կարողությունը դրան է հերիքում։ Անուշ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X