Ռուբեն Պողոսյանին սպանողին բռնել են հոգեբուժարանում

Հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սարսափելի մահը ոչ միայն քննչական մարմինների առաջ է հարցականներ դրել, այլեւ նրա ընկերների, նրան ճանաչող մարդկանց։ Հոգեբանական «աշխարհում» ցնցված են եւ զարմացած։ Հիշեցնենք, որ «Այգ» հոգեբանական կենտրոնի երկարամյա հաճախորդներից մեկը թուղթ կտրելու դանակով հարձակվել է հոգեբանի վրա, նրա դեմքին վնասվածքներ հասցրել, որից էլ հոգեբանը մեկ օր անց մահացել էր՝ ուշքի չգալով։ Հանցագործը դիմել էր փախուստի, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ միայն 1-2 օր անց նա հայտնաբերվեց։ Ոմանք այս պատահարից ենթադրեցին, որ հոգեբանական խնդիրներ ունեցող անձը, որը հոգեբուժական օգնության կարիք ուներ, հայտնվել էր հոգեբանական կենտրոնում, եւ դա էր պատճառը, որ վնասել էր իրեն օգնել փորձած մասնագետին։ Սակայն լավատեղյակները պնդում են, որ հոգեբանները գործնականում միշտ էլ վերահսկում են իրենց հաճախորդների վարքը։ Իսկ պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը մասնագիտական բարի համբավ ուներ։ Ուրեմն ինչ-որ միջադեպ է եղել, որն սպանության պատճառ է դարձել․ այս կարծիքը հանգուցյալի գործընկերներից շատերն են արտահայտում այս օրերին։

Ըստ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի, ով ժամանակին Քրեակատարողական վարչության պետի տեղակալ է աշխատել, Ռուբեն Պողոսյանի հաճախորդ Հրանտ Համբարձումյանը, որը դանակահարել ու սպանել է Պողոսյանին, մոտ երկու տարի բուժվում էր կենտրոնում եւ ոչ մի անգամ ագրեսիվ վարք չի դրսեւորել։ «Նա քաղաքակիրթ երիտասարդ էր, բարեկիրթ, կիրթ պահվածք ուներ, խոսելաոճ, էթիկայի նորմերը պահում էր»,- ասում է «Այգի» տնօրենը։ Հրանտ Համբարձումյանի հետ միշտ աշխատել է նույն հոգեբանը՝ Ռուբեն Պողոսյանը։ Այդ դեպքում կարո՞ղ էր արդյոք առողջ անձը, որը երկու տարի շարունակ մասնագետի հսկողության տակ է եղել, հանկարծ պահի տակ առանձնակի դաժանությամբ սպանել իր հետ աշխատող հոգեբանին, իսկ հոգեբանը կարո՞ղ էր չնկատել, թե ինչի է նա ընդունակ։ «Այգ»-ում պատասխան դեռ չունեն։ Տնօրեն Մելքոնյանը վստահեցնում է․ «Այս հարցերը խորը մասնագիտական վերլուծության կարիք ունեն, եւ հապճեպ եզրակացություններ անել չի կարելի։ Մենք էլ մեր ուսումնասիրությունն ենք անում, շուտով մամուլի ասուլիս ենք հրավիրելու եւ բոլոր հարցերին կփորձենք պատասխանել»։ Այս օրերին վարկած էր հնչում, թե Հրանտ Համբարձումյանը դժգոհ է եղել իրեն մատուցած հոգեբանական ծառայություններից, եւ սա է եղել սպանության դրդապատճառը։ «Այգի» տնօրենը վստահեցնում է, որ երիտասարդը երբեք չի դժգոհել։ «Եթե դժգոհություն է լինում, դիմում են մեզ, մենք փոխում ենք մասնագետին կամ այլ միջոցներ ենք ձեռնարկում, բայց իր կողմից չենք ունեցել ֆիքսված որեւէ բողոք»,- ասում է Վարուժան Մելքոնյանը։ Նա տեղյակ չէր՝ արդյոք Համբարձումյանը հոգեբուժարանում հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ։

Սովորաբար, եթե հոգեբանները հիվանդի մոտ սահմանային վիճակներ են նկատում, ուղարկում են կոնսուլտանտ հոգեբույժի մոտ։ «Այգի» հոգեբանները նման դեպքերում համագործակցում են հոգեբույժների հետ, սակայն Հրանտ Համբարձումյանի դեպքում դրա կարիքը երբեք չի առաջացել։ Տվյալներ ունենք, որ սպանությունից հետո Հրանտ Համբարձումյանն իր ոտքով գնացել է Ավանի հոգեբուժարան եւ հայտնել, որ հոգեկան հիվանդությամբ է տառապում։ Այդ ընթացքում նա հետախուզման մեջ էր։ Հենց այնտեղ էլ հայտնաբերել են նրան եւ ձերբակալել։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Հրանտ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ կապված անձի ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X