Ֆիրդուսում հարաբերական անդորր է

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանում դիմադրության նոր օջախ է գոյացել՝ Ֆիրդուսու փողոցը։ Հուլիսի 19-20-ի գիշերը քաղաքապետարանի ուժերը ոստիկանության ուղեկցությամբ ապամոնտաժեցին բացօթյա տաղավարները։ Խանութները եւ ներս ընկած տաղավարները դեռ չեն փակվել։ Որոշ բնակիչներ ապրանքները տեղափոխել են իրենց բակեր եւ այնտեղ են փորձում կազմակերպել «բիզնեսը»։ Հանգստյան օրերին քաղաքապետարանը փորձել է տրակտորներ մտցնել փողոց՝ այն քանդելու նպատակով, բայց բնակիչները կատաղի դիմադրություն են ցույց տվել քանդող բրիգադներին եւ ոստիկաններին։ Քաղաքապետարանի առեւտրի վարչության աշխատակիցներից նրանք պահանջել են ցույց տալ քանդման թույլտվությունը, բայց վերջիններս նման փաստաթուղթ չեն ունեցել։ Հաջողվել է քանդել միայն դեպի Բուզանդի փողոց տանող հատվածի սկզբնամասը։ Քանդման աշխատանքների ընթացքում վնասվել է ջրի խողովակը։

Կիրակի երեկոյան բնակիչների մի մասը ջուր չի չունեցել։ Երեկ առավոտից ջրատար խողովակները վերականգնվել են։ Բնակիչներն իրենց միջոցներով փոսալցման աշխատանքներ են կազմակերպել եւ վերականգնել Ֆիրդուսու եւ Տիգրան Մեծի փողոցների հատման կետում արված ավերածությունները։ Երեկ ոստիկաններն ուժեղացված հսկողություն են սահմանել Ֆիրդուսու փողոցում, սակայն նոր գրոհներ չեն եղել։ Հանգստյան օրերի դրամատիկ իրադարձություններից հետո երեկ Ֆիրդուսու փողոցում հարաբերական անդորր էր։ Բնակիչները երեկոյան հավաքվել էին ժողովի՝ քննարկելու իրենց առաջիկա անելիքը։ Շուտով նրանք բացօթյա ասուլիս կհրավիրեն Ֆիրդուսու փողոցում։ Սակայն բոլորն էլ գիտակցում են, որ «հրադադարը» ժամանակավոր է՝ ուշ թե շուտ այս տարածքի կառուցապատման ծրագիրն իրականացվելու է։ Հիշեցնենք, որ այն ճանաչվել է հանրային գերակա շահ տարիներ առաջ, եւ դրա իրականացմանը խանգարել է միայն կառուցապատողի՝ «Գլենդել հիլզ» ընկերության սնանկացումը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X