Ո՞վ է որոշել է, որ սարքն ինձ չի կուրացնում, ջերմությունն ինձ չի խանգարում. բնակիչներն ընդդեմ հյուրանոցի

>

Կողբացի 67 շենքի բակում ժամանակին գտնվում էր Խուլ ու համրերի կենտրոնին պատկանող ներկատունը, որն այնքան էր անուշադրության մատնվել, որ քարուքանդ շինության էր վերածվել: Բնակիչները հիշում են, որ ժամանակին նույնիսկ դիմել էին թաղապետարան, որպեսզի մաքրեն իրենց բակի փոքրիկ օազիսի հարևանությամբ գտնվող այդ տարածքը: Իհարկե, տարածքը ներկատնից «մաքրել են», այժմ այնտեղ մի երկհարկանի հյուրանոց է գործում՝ «Էլիզիում գելերի հոթել», սակայն հյուրանոցը որքան հարմարություններ է ստեղծում իր հաճախորդների համար, կրկնակի անհարմարություններ է պատճառում շենքի բնակիչներին: Բնակիչների համբերության բաժակը լցվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ հյուրանոցի տանիքին արևային ջրատաքացուցիչ համակարգ են տեղադրել:

Գրավել են նույնիսկ բակը

Կողբացի 67 շենքի բնակիչները պատմում են, որ հյուրանոցը շատ անհարմարություններ է պատճառում իրենց, դեռ հյուրանոցի կառուցման ժամանակ կտրել են բակի մեծ բարդին, որի կոճղը դեռ շարունակում է մնալ բակում, երկաթե շղթա են անցկացրել առանց այդ էլ փոքրիկ բակում և թույլ չեն տալիս մեքենաներ կայանել, պատճառաբանելով, թե դա իրենց սեփականությունն է, ցանկապատել են նաև բակի փոքրիկ կանաչապատ այգին, տարածքը «մաքրելիս» աղբն ավլում են դեպի իրենց մուտքը: «Առավոտը շուտ հյուրատան տուրիստները մինչ հավաքվում են իրենց գիդի շուրջ… մի մեծ աղմուկ աղաղակ, էլ չենք խոսում, որ երեկոյան հարբած արտասահմանցիները նստում են բակի քարին և հայացքով մինչև վերջ ուղեկցում բնակիչներին, շատ տհաճ է».- պատմում է բնակիչներից մեկը: Բնակիչները նաև վիրավորված են, որ հյուրանոցային համալիրի տերերը բարձրից են նայում մարդկանց. «Բացարձակ իրենք թքած ունեն մեր նման հասարակ մահկանացումների վրա, մեզ հետ չեմ շփվում, որ ասեն այսինչը կանենք, նեղություն չենք տա և այլն և այլն»:

Դիմել են նույնիսկ վարչապետին

Վերջերս հյուրանոցային համալիրի «նորարարությունն» էլ՝ արևային ջրատաքացուցիչ համակարգն ավելի է բարկացրել բնակիչներին: «Տանիքին տեղադրված սարքի ողջ տաքությունը լցվում է մեր տները, նույնիսկ պատուհանից նայելիս աչք է ցավեցնում».- ասում են բնակիչները, որոնք ձեռքները ծալած չեն նստել: Նրանք սարքերը տեղադրելուց անմիջապես հետո դիմել են քաղաքապետարան, վարչապետ Կարեն Կարապետյանին, նույնիսկ մի քանի անգամ ոստիկանություն և թաղապետարան են դիմել. «Հունիսի 27-ի գիշերը ժամը 11-ին նկատեցինք, որ ինչ-ինչ աշխատանքներ են տանում, դուրս եկա, ասացի՝ դադարեցրեք: Հաջորդ օրը դիմեցինք քաղաքապետարանի թեժ գիծ և ահա այս պատասխանը եկավ, թե համապատասխան մասնագետի կողմից կատարվել է արևային ջրատաքացուցիչի տեղադրման աշխատանք: Մենք գնացինք թաղապետարան, ասացի՝ խնդրում եմ ինձ բացատրեք այս պատասխանը, ո՞վ է այդ մասնագետը, որ որոշել է, որ սարքերն ինձ չի կուրացնում, ջերմությունն ինձ չի խանգարում, իմ տեսանելությանը չի խանգարում»:

Հյուրանոցի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչ համակարգի լուսանկարները ցույց տվեցինք գիտնական, Մտավորականների ֆորումի անդամ Վահան Համազասպյանին, ով ընդգծեց, որ տվյալ պարագայում պետք է ուղղակի ուսումնասիրել և հասկանալ արդյոք անվտա՞նգ են սարքերը քամու և այլ եղանակային պայմաններին չի՞ անջատվի հիմքից: Մենք հետաքրքրվեցինք արդյոք կա՞ն չափանիշներ, թե նման սարքերը ինչպիսի՞ տարածքներում կարելի է տեղադրել, կամ չտեղադրել, գիտնականը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ մենք զրուցել ենք նաև հյուրանոցային համալիրի տնօրեն Մարինե Սարգսյանի հետ, ով տեղեկացրեց, որ առաջիկայում կպատասխանի մեր հարցերին:

Մեկնաբանություն
X