Խոչընդոտը դուք եք

Նորմալ մարդկանց միջավայրում ինչպե՞ս են կոչում այն երեւույթը, երբ մարդը մի բան մտածում է, մեկ այլ բան խոսում, կամ՝ երբ կանխամտածված խեղաթյուրում է իրականությունը։ Փարիսեցիությո՞ւն, երկերեսանիությո՞ւն, երեսպաշտությո՞ւն։ Կարդում եմ մեր օրերի հայտնի գործիչներից մեկի հարցազրույցը, որտեղ նա խոսում է դատական համակարգի անկախության մասին։ Վեհ, խելացի, օրիգինալ, բայց քմծիծաղ առաջացնող մտքեր է հայտնում։ Ասենք, օրինակ, ասում է, որ կոռուպցիան այդքան շատ չէ, որքան գրվում է եւ որքան կա հանրային ընկալման մեջ։ Իսկ դրա մեղավորն ովքե՞ր են։ Ճիշտ է՝ լրագրողներն ու պարտված փաստաբանները, որոնք օրուգիշեր խոսում են «չեղած» կոռուպցիայի մասին։ Ինչ վերաբերում է դատարանների անկախության գլխավոր «խոչընդոտին», ապա դա, պարզվում է՝ ոչ թե իշխանությունից եկող հրահանգներն են, դատավորների գործերին միջամտությունները, ոչ էլ դատավորների՝ փող աշխատելու մարմաջը, ոչ էլ դատական համակարգում ձեւավորված ավանդույթները, ոչ էլ նշանակումների ժամանակ ծախսած փողը ետ բերելու խնդիրը։ Այլ ոչ ավել-ոչ պակաս՝ գործող դատարանների նախագահները, նրանց պաշտոնավարման ժամկետը: Պարզվում է՝ «դատավորը «դատապարտված» է ողջ ժամկետն աշխատել տվյալ նախագահի ենթակայությամբ եւ այստեղ հոգեբանորեն համակերպվում է այն գաղափարի հետ, որ դեռ 10 եւ ավելի տարի նրա հետ հարաբերություններ է ունենալու, եւ ինչ-որ կերպ նրա ազդեցությունը մեծանում է դատարանների վրա»։ Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Ի դեպ, այս մտքերն արտահայտող գործիչը, ըստ որոշ դատավորների, անմասն չէ դատական համակարգի նկատմամբ «ազդեցություններից»։ Նա այն էլիտար խմբի մեջ է մտնում, որոնք իրենց կաբինետներում նստած՝ դատական ակտեր են «կայացնում» եւ երբեմն անգամ վճիռներ գրում դատավորների համար։

Մեկնաբանություն
X