Քաղաքականություն

Օֆելյա Համբարձումյանի հուշաքարը լուռ լալիս է․․․

Մի ողջ հավիտենություն լույս տվեց, լույսի պես էլ մարեց անտես։ Առանց տրտունջի, առանց ցավի, լու՜ռ- լու՜ռ․․․

Ինչպես ե՞ն հանգում ծաղիկները․

«Տղան դուրս է եկել պատշգամբ ծխելու և երբ 10 րոպե անց տուն է մտել, տեսել է, որ մայրը ննջել է։ Հովհաննեսը ձայն է տվել մորը, բայց արձագանք չի ստացել։ Երկրորդ անգամ է ձայն տվել, հետո մոտեցել է նրան ու հասկացել, որ մայրն այլևս չկա»։

Կարո՞ղ եք համոզել, որ մոմն այդպես չի հանգում։

Հենց նոր Գագիկ Սուրենյանի էջում տեսա Օֆելյայի հուշաքարը ու գրառում․

«Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում, մեր հայ մեծերի կողքին, այս հուշաքարով հավերժ անմահացավ հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի վառ հիշատակը»։

Հուշաքարը բնորոշում է Օֆելյայի անցած ուղին։ Քանդակագործ Էմին Պետրոսյանը հավերժական թեմա է ներկայացրել... Մեղրածոր երգի կաթիլը ծորում ու քաղցրացնում է մի մեծ սիրտ, ժողովրդի հավաքական սիրտը։ Բայց հուշաքարի կաթոցի մեջ նաև արցունք եմ տեսնում։ Ասես հուշաքարը լուռ լալիս է․․․ Այնքան լուռ, որ արցունքի կաթիլն անգամ մեղրածորի տեսք ունի․․․ Սիրող մարդուն է դա բնորոշ։

ՀԳ Այդ մեծ սիրո մասին ոչ մի անդրադարձ չկա։ Նայում եմ լրահոսը և խորհում՝ մի՞թե սերն արդեն վերջացել է․․․ Չէ՞ որ երգչուհին Սերն իր հետ չի տարել, մեզ է թողել, մե՜զ․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X