Եզրափակչից առաջ

ԱՄՆ-ում՝ «International Champions Cup-2017»-ի շրջանակներում նոր մրցաշրջանների նախօրեին կայացավ հերթական ստուգողական հանդիպումներից մեկը՝ իսպանական Ռեալ Մադրիդը հանդիպեց անգլական Մանչեսթեր Յունայթեդին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը այս անգամ ընդգրկված չէր Մանկունյանցիների մեկնարկային կազմում: Ժոզե Մոուրինյոն ընտրել էր փորձնական կազմի հերթական տարբերակներից մեկը՝ խաղադաշտ դուրս բերելով հետևյալ ֆուտբոլիստներին՝ Ռոմերո, Ֆոսու-Մենսա, Բայի, Ջոնս, Դարմիան, Կարիկ, Ֆելաինի, Պերեյրա, Մարսիալ, Լինգարդ, Ռեշֆորդ: Իսկ ահա արքայական ակումբը դուրս էր եկել մոտավորապես իր հիմնական կազմով՝ Նավաս, Կարվախալ, Վարան, Նաչո, Մարսելո, Կրոս, Մոդրիչ, Իսկո, Լուկաս, Բեյլ, Քարիմ Բենզեմա:

Քանի որ օգոստոսի 8-ին Ռեալ Մադրիդն ու Մանչեսթեր Յունայթեդը վիճարկելու են Եվրոպայի Սուպերգավաթը, ուստի երկուսի համար էլ այս հանդիպումը միանշանակ կարևոր էր, նախ և առաջ, միմյանց մանրամասնորեն հետախուզելու, զգալու և ճանաչելու համատեքստում:

Խաղը սկսվեց թե՛ Ռեալի և թե՛ Մանչեսթեր Յունայթեդի ակտիվ գործողություններով, 7-րդ րոպեին Ռեալի դարպասապահ Նավասը դժվարությամբ ետ մղեց առաջին րոպեներից սկսած Կարմիր Սատանաների ամենաեռանդուն ֆուտբոլիստի՝ Ջեսսի Լինգարդի թնդանոթային հարվածը: Ստուգողական վերջին հանդիպումներում ակնհայտորեն ընդգծվել է Յունայթեդի ակադեմիայի սան՝ Ջեսսի Լինգարդի խաղը, այժմ մենք տեսնում ենք ավելի արագաշարժ, ավելի մտային ու դինամիկ, ավելի կարգապահ և աշխատասեր, նաև կարելի է ասել ամենահաս Լինգարդի, ով չի զլանում օգնության հասնել պաշտպաններին, գրոհները սկսել կիսադաշտի խորքերից, իրացնել մեծ ծավալի աշխատանք՝ կազմակերպելով դիրքային գրոհներ, և արդեն իրեն բնորոշ ձևով՝ հեռվից վտանգավոր հարվածներ ուղղել դեպի դարպասը: Հանդիպման առաջին խաղակեսի 41-րդ րոպեին կրկին Ջեսսի Լինգարդը նույնանման հուժկու հարվածով փորձեց գրավել Ռեալի դարպասը, սակայն այս անգամ հարվածը շեղ ստացվեց:

Առաջին խաղակեսի ավելացրած րոպեին Մանկունյանցիների հարձակվող՝ Անթոնի Մարսիալը հիրավի ֆանտաստիկ դրիբլինգով իր ետևում թողեց Ռեալի առնվազն երեք ֆուտբոլիստների և գոլային դիպուկ փոխանցում կատարեց Լինգարդին, ով հեշտությամբ մեկ հպումով գնդակն ուղարկեց մադրիդցիների գրեթե անպաշտպան դարպասը:

Իսկ Ռեալի կազմում, ինչպես միշտ իր կառուցողական և ճկուն խաղով ավելի շատ աչքի էր ընկնում Լուկա Մոդրիչը: Առաջնագծում նա փորձում էր սրել խաղը, անակնկալ, հատող փոխանցումներով իր թիմակիցներին դուրս բերել հարվածային դիրք:

Երկրորդ խաղակեսում Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազմում հայտնվեցին՝ դարպասապահ Դե Խեան, Հենրիխ Մխիթարյանը, Լուկակուն, Պոգբան, Անդեր Էրերան: Իր թիմի կազմում փոփոխություններ կատարեց նաև արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Երկրորդ խաղակեսում Մանչեսթեր Յունայթեդը հանդես էր գալիս իր առաջին՝ հիմնական կազմով, իսկ ահա Ռեալը իր երկրորդ կազմով:

51-րդ րոպեին Անդեր Էրերան մեջքի հատվածում վնասվածք ստացավ, նրան փոխարինեց Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլային ակադեմիայի սան՝ 20-ամյա Սքոթ Մըքթոմինայը, ով բավականին վստահ էր գործում:

68-րդ րոպեին Յունայթեդի նորեկներից՝ Լինդելյոֆը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Ռեալի 19-ամյա պաշտպան՝ Տեոյին, մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, գնդակին մոտեցավ Կազիմիրոն և անվրեպ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը:

Մարուան Ֆելաինին 83-րդ րոպեին մեն մենակ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն չկարողացավ իրացնել գրեթե 100 տոկոսանոց գոլային պահը:

Խաղի հիմնական ժամանակում հաշիվն անփոփոխ մնաց և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով: Ավելի դիպուկ գտնվեցին Մանկունյանցիները: Հավելենք նաև որ Հենրիխ Մխիթարյանը իր 11 մետրանոց հարվածը վստահ և գեղեցիկ իրացրեց:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X