Հաց բերողի անունից քաղցրավենիք և հաց էին բաժանում (լուսանկարներ)

>

Հյուսիսային պողոտայում այսօր Հայ կանանց ճակատը ակցիա էր կազմակերպել՝ «Սիրիր մերձավորիդ» խորագրով: Փոքրիկ սեղանին դրված Արթուր Սարգսյանի լուսանկարը շրջապատել էին հացով և քաղցրավենիքով, այս միջոցառումը նվիրված էր Հաց բերողին: «Հաց բերողի կողմից».- ասում էին և հյուրասիրում մարդկանց, միաժամանակ պատմելով Արթուր Սարգսյանի պատմությունն անտեղյակներին: Հյուրասիրվում էին նաև արտասահմանցիները, որոնց համար անգլալեզու տարբերակով թռուցիկներ էին պատրաստել միջոցառման գաղափարախոսության մասին:

«Հաց բերողը հերոսաբար ներխուժեց «Սասնա ծռեր» հերոսների կողմից հուլիսի 17-ին գրավված ՊՊԾ գունդ, անտեսելով մինչև ատամները զիմնված ոստիկական ուժերին և գունդը շրջափակած ռազմական տեխնիկան, հաց հասցրեց այնտեղ գտնվող ապստամբներին».- բարձրախոսով հայտարարեց Սյուզան Սիմոնյանը, ելույթի վերջում ընդգծելով՝ Հաց բերողին սպանեցին:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահից հետո սոցիալական ցանցերում «Սասնա ծռերի» գաղափարակիցներն ակտիվ քննարկում էին Հաց բերողի անունով ամենամյա տոնակատարություններ անել և հարգել նրա հիշատակը, նույնիսկ տոնակատարության անվանում կար՝ Հացբերաց տոն: Սյուզան Սիմոնյանից հետաքրքրվեցինք մի՞թե այս իդեայի իրականացումն է սա. «Իհարկե, սկզբնավորումն է, տղաները պայքարում են այնտեղ, մենք էլ այսկերպ ենք պայքարում, արժեքներ ենք փոխում, մենք էլ այս ակցիայով կարողանում ենք մարդկանց ասել, որ իրենք պետք է չդադարեն դավանել բարձր արժեքները, իսկ Արթուրը բարձր արժեքների դավանող էր, որ այդպիսի քայլ արեց: Իհարկե, այդ տոնը պետք է լինի և այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Տղաները բանտում են, իրենք էլ ուրախ կլինեն, որ իմանան այսպիսի ակցիա ենք արել և սկսել ենք այդ տոնը նշել ի վերջո»: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման դատական պրոցեսներին՝ Սյուզան Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները վախենում են այն սկսելուց. «Իշխանություններն ինչո՞ւ են վախենում այս դատական պրոցեսներից, ինչո՞ւ են այսպիսի խայտառակ դատական պրոցեսներ ընթանում, ինչո՞ւ է ձգձգվում, ինչո՞ւ է 10 րոպեն մեկ ընդմիջում հայտարարվում, որովհետև նրանք վախենում ենք անցնել դատաքննության: Դատաքննության անցնելու դեպքում «Սասնա ծռերը» մերկացնելու են իրենց, ողջ սնանկությունը ջրի երես է դուրս գալու: Հիմա մարդկանց համոզում են, որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ են և այլն, բայց իրենք չհամարձակվեցին «Սասնա ծռերի» վրա այդ հոդվածը դնել, որովհետև իրենք չէին կարող, իսկ չդնելու դեպքում բնական չէ՞, որ մարդկանց մոտ հարց է առաջանում, լավ, եթե ահաբեկիչներ չեն, ապա ի՞նչ են... ապստամբ են: Իսկ ապստամբության իրավունքը սրբազան և աստվածային իրավուքն է և ոչ թե մեր իրավունքն է, այլ մեր պարտականությունն է: Երբ դու տեսնում ես, որ քո երկիրը կործանվում է, քո ժողովրդին մղում են արտագաղթի, ամեն ինչ անում են, էլ չեմ ասում, որ հողերը հանձնում են, այն հողերը, որոնց վրա հազարավոր մարդկանց արյուն է թափված: Առանց ժողովրդի համաձայնության պատրաստվում են հողերը վաճառել, դու կարող ես ապստամբել և կարող ես զենքով ապստամբել: Ես ինքս կողմ եմ դրան».- եզրափակեց Սյուզան Սիմոնյանը:

Սյուզան Սիմոնյանը, ի դեպ, այսօր իրանցի շբոսաշրջիկներին անգլերենով պատմեց իրենց ակցիայի գաղափարախոսության մասին: Հետաքրքրական էր, որ իրանցի տուրիստը հակադարձեց, թե տարածարշրջանում, համեմատած Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի Հայաստանը բավականին ազատ երկիր է, այդ անձը մասնավորեցրեց Իրանի օրինակը, ինչին Սյուզան Սիմոնյանն արձագանքեց, որ եթե հայ կանայք գլխաշոր չեն կրում, չի նշանակում, որ մեր երկիրն ազատ երկիր է:

Մեկնաբանություն
X