Դատական կարգադրիչներն արդեն շոու են սարքում (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11.00-ին պետք է մեկնարկեր «Սասնա ծռերի» 18 անդամի գործով դատական նիստը, սակայն այդ ժամին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելայնը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է 15 րոպեով, մինչև ամբաստանյալները կբերվեն նիստերի դահլիճ։

Այդ ընթացքում կրկին միջադեպ տեղի ունեցավ փաստաբանների և դատական կարգադրիչների միջև։ Գործով պաշտպան Անուշ Մխիթարյանը չէր կարողանում մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ դատական կարգադրիչների մետաղաորսիչը ֆիքսել էր, որ Անուշ Մխիթարյանի պայուսակում մետաղյա իրեր կան, սակայն հանրային պաշտպանն ասաց, որ ինքը չի պատրաստվում իր պայուսակի պարունակությունը ի ցույց դնել և խնդրեց, որ դատական դեպարտամենտը սկանեռ սարքեր տեղադրի։

Կարգադրիչները նրան թույլ չէին տալիս անցնել առաջ և նա հայտարարեց, որ կարգադրիչները շոու են սարքում։ Հանրային պաշտպանը կարգադրիչներից մեկի հետ առանձնացավ, ցույց տվեց պայուսակի պարունակությունը և կարողացավ առաջ անցնել։

Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

Մեկնաբանություն
X