«Երկիր Ծիրանին» սեպտեմբերը կսկսի դատական հայցերով ընդդեմ քաղաքապետարանի (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեպտեմբեր ամիսը սկսելու են դատական հայցերով ընդդեմ քաղաքապետարանի. «Նախ անդրադառնամ այսպես ասած առաջին արտահերթ նիստին, որի ժամանակ խափանված էր հեռարձակումը, դա դիտավորյալ էր, նաև սարքավորումները չէին աշխատում: Ինչ-որ քվեարկություն էր տեղի ունենում և այս ամենն արվում էր նրա համար, որպեսզի խափանվեր և թափանցիկությունը, և երևանցիների ներգրավվածությունն այդ նիստերին: Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատելու, առաջին հերթին դատական հայցերով ենք պատրաստվում դիմավորել սեպտեմբերը: Դատական հայցերից մեկը նաև նվիրված է լինելու մեր իրավունքներին, որ այդ առաջին օրը մեր իրավունքները խախտվել են, նաև քաղաքապետարանի երկու որոշումները, որոնք վերաբերում են հողհատկացումներին և այդ օտարման ցանկին: Ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների հսկայածավալ աշխատավարձերի վերաբերյալ, մենք նույնպես դիտարկում ենք և չենք բացառում, որ դատական հայցերի միջոցով նաև վիճարկելու ենք».- նշեց Զարուհի Փոստանջյանը:

Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակիցների քանակի և նրանց աշխատավարձերի հարցը «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է: «Մտնում ենք քաղաքապետարան, հենց այս շքեղ շենքը, նախ 6 հարկը՝ պահակի պահակով, պահակի թիկնապահով, փողկապավոր ինչ-որ մարդիկ… քաղաքապետարանի առաջին տասնյակն ամսական մեկ միլիոն դոլար աշխատավարձ են ստանում, անհեթեթ խորհրդականներ են ընդգրկել, այս ի՞նչ խրախճանք է ժանտախտի ժամին, ես չեմ կարողանում վելուծել».- վրդովմունքը չկարողանալով զսպել, ասաց Ստելլա Աղաջանյանը:

Ի հավելումն, Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ քաղաքապետարանում կան գրանցված մարդիկ, ովքեր աշխատանքի ուղղակի չեն հաճախում. «Այսինքն՝ նույն այդ ուռճացված համակարգն է, որ մի կողմից մենք հասկանում ենք, որ գործազրկության խնդիր է, նույն այդ 2 հազար քաղաքացին, ով աշխատում է քաղաքապետարանում, մեր քաղաքացիներն են և նրանց ապրուստի միջոցից զրկելը նույնպես խնդիր է այսօր: Բայց մյուս կողմից, եթե զրկում ես մեր երեխաներին մանկապարտեզ հաճախելուց, եթե զրկում ես անվտանգ վերելակային տնտեսությունից օգտվելուց, դու զրկում ես մեզ անվտանգ երթևեկելուց, այդ դեպքում ինչպիսի՞ ծառայություններ ես մատուցում Երևանի քաղաքապետարանի աշխատակից մեզ: Իհարկե վերնախավն է այստեղ մեղավոր, որ մնացած աշխատակիցները չեն կարողանում իրենց դրսևորել, այնուամենայնիվ, մենք պահանջում ենք համալիր լուծում այդ ամենին»:

Մեկնաբանություն
X