Մարզպետի խորհրդականի սպանության գործով կասկածվում են ընտանիքի անդամնե՞րը

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով կասկածյալներ կան: Մեր աղբյուրները հայտնում են, որ նրա սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, իսկ ավելի կոնկրետ որդին եւ կինը: Սպանության դրդապատճառը, նախնական տեղեկություններով, անհաշտ հարաբերություններն են:Ասում են,թե ընտանիքում տեւական ժամանակ է՝ անտանելի մթնոլորտ է եղել, Մանուկ Սիմոնյանը պարբերաբար բռնություն է գործադրել կնոջ, զոքանչի նկատմամբ:

Մեր հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն, ապա հավելեցին, որ ձերբակալված անձ կա: Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին չեն կարող տրամադրել:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, Արմավիր-Դալարիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի: Պարզվել էր, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանն է, որը հուլիսի 23-ից որոնվում էր որպես անհետ կորած:

Ի դեպ, ոստիկանությունը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որտեղ ասվում է. «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Նշանակվել էր ԴԲՓ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սպանության դեպքը բացահայտվել է: Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ դին ամբողջությամբ երկաթյա լարերով կապկպված է եղել: Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ – հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»:

Մեկնաբանություն
X