Քաղաքագրություն. Հյուրանոցներն ու բաղնիքները

Նախորդ շրջանում Երեւանում ժամանակակից հյուրանոցներ չկային: Նրա հյուրանոցային ամբողջ տնտեսությունը բաղկացած էր պարսկական տիրապետության շրջանից ժառանգություն մնացած քարավանատներից, որոնք իրենց ողորմելի դրությամբ ծառայում էին իբրեւ հյուրանոցներ եւ առեւտրի կետեր ու պահեստներ: Դրանք իրենց կից ունեին ախոռներ՝ քաղաք եկող վաճառականների ու այցելուների գրաստների համար:

Քարավանատների մեջ ամենախոշորն ու ամենահայտնին Գյուրջի կոչվածն էր (այժմյան «Սեւան» հյուրանոցի բակում), որը նախկին ժամանակների նման 19-րդ դարի 80-ական թվականներին եւս ոչ թե հյուրանոց էր, այլ գարշահոտության եւ վարակի բույն:
Ավելի վատթար պայմաններ ունեին մյուս՝ 20-ի հասնող քարավանատները: Գյուրջիի քարավանատունն այդ տարիներին դեռեւս համարվում էր Երեւանի լյուքսը:
Բայց 19-րդ դարի 90-ական թվականներից դրությունն աստիճանաբար սկսում է փոխվել: Արդյունաբերական, առեւտրական եւ ֆինանսական ձեռնարկությունների առաջացման, քաղաքի բնակչության ավելացման, երկաթուղու կառուցման, մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացման շնորհիվ Երեւանում կառուցվում են ժամանակակից հյուրանոցներ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել՝ նորակառույց մի քանի շենքերի որոշ սենյակներ ու ամբողջական հարկեր վեր են ածում հյուրանոցների՝ դրանցում ստեղծելով որոշ հարմարություններ:

19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին Երեւանում գոյություն ունեին մի քանի այդպիսի հյուրանոցներ, որոնք կրում էին «Գրանտ օթել», «Օրիանտ», «Լիոն», «Ֆրանսիա», «Մարսել», «Վիեննա», «Կովկաս», «Կարսա-Չայ», «Սովիտ-սովիտ», «Երկաթուղի», «Ծաղկեփունջ» եւ մեծադղորդ այլ անուններ: Դրանցից ամենահայտնիները համարվում էին «Օրիանտը» եւ «Գրանտ օթելը»։ Առաջինն այժմյան «Սեւան» հյուրանոցի բակում էր, իսկ երկրորդը՝ Աստաֆյան (Աբովյան) փողոցի վրա:
Նշված հյուրանոցներից ոչ մեկը չուներ իր ամպագոռգոռ անվանը համապատասխան հարմարություններ: Ավելին՝ դրանց մեծ մասը շատ քիչ էր տարբերվում հին քարավանատներից: Սակայն դա չէր խանգարում, որ այցելուներ գրավելու համար դրանք մամուլում լայն ռեկլամի ենթարկեին իրենց «հրաշալի հարմարությունները» եւ «մատչելի» գները:

Գրեթե նույնպիսի պատմություն ունեին նաեւ քաղաքի բաղնիքները: Քաղաքում շարունակում էին պահպանվել պարսկական տիրապետությունից ժառանգած «համամները»: 90-ական թվականներից «համամներից» մի քանիսը ենթարկվում են բարեփոխման, կառուցվում են մի քանի նոր բաղնիքներ: Բաղնիքների մեջ ամենահայտնին «Եվրոպա» կոչվածն էր, որը պատկանում էր ինժեներ Կ. Ե. Հովհաննիսյանին եւ գտնվում էր այժմյան Սովետների փողոցի վրա: Այդ բաղնիքն արմատական բարեփոխությունից հետո գոյություն ուներ մինչեւ վերջին տարիներս: Ինժեներ Հովհաննիսյանը քաղաքում հրատարակվող «Երեւանի հայտարարություններ» թերթիկի միջոցով, ի լուր քաղաքի բնակչության, պարբերաբար ազդարարում էր, որ իր բաղնիքն «ունի տղամարդկանց եւ կանանց ընդհանուր լողարաններ եւ համարներ, լոգնոցներ, ցնցուղներ, շոգու բաժին» եւ այլ հարմարություններ: Նույնպիսի բնույթ ուներ «Ռուսական» բաղնիքի տիրոջ՝ տ. Սամարովայի արած ռեկլամը: Բաղնիքի տիրուհին թերթիկի մի քանի համարներում բնակչությանը հայտնում է, որ իր բաղնիքի սակագինը «մատչելի» է, եւ հարմարությունները՝ «հրաշալի»: Այդ բաղնիքը գտնվում էր Մոլոկանի (Կարմիր բանակի) փողոցի վրա:

Քաղաքի շատ թե քիչ հարմարավետ երրորդ բաղնիքը Համբարձում Եղիազարյանին պատկանող բաղնիքն էր, որ նույնպես ուներ ընդհանուր բաժիններ: Պարսկական «համամները» 20-րդ դարի սկզբներին արդեն գրեթե իսպառ դադարել էին գոյություն ունենալուց, մնացել էին միայն դրանց «համամային» խղճուկ մնացորդները:
Թ. Խ. Հակոբյան, Ա. Պ. Սիմոնյան՝ «Երեւան»

Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X