«Ամոթը գցել են շան առաջ, շունը չի կերել»․․․

Ժողովրդական ասացվածք է՝ «Ամոթը գցել են շան առաջ, շունը չի կերել»։ Բայց այսօր, ոնց տեսնում եմ, մեր ամոթը դուրս ենք հանել։ Կեղտը չեմ ասում՝ ամո՜թը․․․ Գիտե՞ք սա ինչ է նշանակում։

․․․ Որ իրար չենք սիրում, իրար չենք խնայում, որ չենք մտածում՝ բաներ կան, որոնք կատարվում են անհատների կողմից, բայց դառնում են մի ողջ ազգի ամոթ․․․

Խոսքս Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մասին է։

Մանրամասն նկարագրելով, թե կինն ու որդին ոնց են մորթել հորը՝ «Դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին․․․», անտեսում ենք, որ ականջի համար նման բաներն ընդունելի ենք դարձնում, որ բացում ենք դաժանի անսահմանության տիրույթը․․․

Ու՞ր ենք գնում, եթե նույնիսկ այդպես է, մի երկու խելապակասի արարքո՞վ ենք դիմագիծ կերտում։ Ինչու՞ նույն մոլեռանդությամբ մեր ազգի լավը չենք տարածում, բարին, գեղեցիկը․․․

Ծնողը դարեր ի վեր մեր սրբությունն է, մեր նշխարը։ Որևէ ուրախության սեղան տեսե՞լ եք, որ ծնողի կենացով չհամեմվի։

Ու հիմա․․․ Մեր փրփրուն, անարատ կաթը ինչու՞ ենք թափում․․․ Դաժան արարքը նույն դաժանությամբ ներկայացնելն առանձնակի դաժանություն է պահանջում։ Դիմացինին ահաբեկելու, ազգային արժեքները ոչնչացնելու, վատը տարածելու, համընդհանուր մռայլություն ստեղծելու․․․ Այլ բան է, որ արարքը որպես փաստ սառը ներկայացվում է ոստիկանության կողմից․․․

Մանկան անարատությամբ մեր աչքերը հառենք ծնողին՝ որպես Աստվածություն, որպես սրբություն, ինչպես որ անում ենք։ Դա մի խաղաղ, անարատ տարածք է։ Հայը ծնողասեր, մարդասեր է։ Բարի, անսահմա՜ն բարի․․․ Եզակի դեպքերին զգույշ մոտեցեք։ Շա՜տ զգույշ։ Չէ որ եզակի դեպքերով է ընդհանրացում կատարվում։

Ինչքա՜ն ուժեղ տղամարդկանց եմ սփոփել, երբ իրենց հայրը կամ մայրը մահացել է։ Աշխարհը վերջացավ,- ասում էին ու երեխու պես լացում։ Հետո հիշում էին, որ իրենք էլ հայր են և ուժ էին գտնում․․․ Լավը, բարին կապույտ երկնքի պես անծայրածիր է, «Մի ծրտոտ թռչունի ծրտով» մի բնորոշեք երկինքը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X