Անկախ հանձնաժողովի նոր կազմը եւ հին աշխատաոճը

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ նոր օրենսդրական փաթեթը բուռն գովազդվեց, միջգերատեսչական հանձնաժողովների կազմը փոխվեց, ոստիկաններին փոխարինեցին արդարադատության նախարարության աշխատողներ, բժիշկ, հոգեբան։ Հայտարարվում էր, որ իրավական չափանիշների որոշակիություն է լինելու, որ դատապարտյալները կկարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ չափանիշներին եւ հուսալ, որ ազատ կարձակվեն։ Անկախ հանձնաժողովը նոր կազմով արդեն աշխատում է, բայց ոչ մի փոփոխություն գործելաոճում չի նկատվում։ Հուլիսի 25-ին անկախ հանձնաժողովականները նոր կազմով գնացել էին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այս կալանավայրն սպասարկող հանձնաժողովի անդամները 7-ն են․ Դավիթ Աղաբեկյանը՝ ԱՆ վերահսկողական ծառայությունից, Էմանուել Սողոմոնյանը՝ նախագահի աշխատակազմից, ՄԻՊ գրասենյակից՝ Գոհար Սիմոնյանը, հոգեբույժ Գայանե Քալանթարյանը, սոցիալական աշխատող, քրեաբան եւ «Հայաստանի մանկական ասոցիացիայի» նախագահ Վարուժան Սեդրակյանը։ Հանձնաժողովականները պետք է այդ օրը 45 դատապարտյալների դիմումների պատասխանը տային եւ բոլորին էլ մերժեցին։

«Վերջին երկու ամսում «Արթիկում» 90 հոգու կալանավայրի ղեկավարությունը վաղաժամկետ ազատման է ներկայացրել։ 90 հոգուց երկուսի վերաբերյալ է դրական եզրակացություն եղել՝ մեկին 4 ամիս էր մնում, որ նստի, մյուսին՝ 6»,- հայտնեց դատապարտյալներից մեկը։ Հանձնաժողովականները նրան տարօրինակ հարցեր են տվել՝ քանի՞ երեխա ունի, որտե՞ղ են երեխաները, նրանց հետ կապ ունի՞, թե՞ ոչ, նախկին կնոջ հետ կապ ունի՞, եթե տվյալ հանցանքը չի կատարել, ինչո՞ւ դատարանում չի կարողացել հիմնավորել եւ այլն։ «Մի տող են գրել՝ որ փակ քվեարկության արդյունքում իմ դիմումը մերժվել է։ Լավ կլիներ, եթե միանգամից ասեին՝ ժողովուրդ, ձեզ չենք ազատելու, մենք էլ հանգիստ նստենք մեր «կալենդարը»»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X