«Բարսան» հաղթեց «Յունայթեդին»

Հուլիսի 27-ին ԱՄՆ-ում՝ «International Champions Cup-2017»-ի շրջանակներում, նոր մրցաշրջանի նախօրեին կայացավ հերթական ստուգողական հանդիպումներից մեկը՝ կատալանական «Բարսելոնան» հանդիպեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Երկու թիմերն էլ առաջին րոպեներից դուրս էին եկել իրենց մարտական կազմերով: «Յունայթեդի» հիմնական կազմում ընդգրված էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով հանդես էր գալիս մի փոքր հետ քաշված խաղարկողի դերում, Կարմիր սատանաների թանկարժեք նորեկներից բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, պաշտպան Լինդելյոֆը, ինչպես նաեւ դարպասապահ Դավիդ դե Խեան, Ռաշֆորդ, Ջեսսի Լինգարդը: «Բարսայի» առաջնագծում հանդես էին գալիս Մեսսին, Սուարեսը, Նեյմարը, որի շուրջ վերջին օրերին բավականին աղմուկ բարձրացավ՝ կապված ֆրասիական ՊՍԺ տեղափոխվելու, այդ ակումբի հետ բանակցությունների մեջ մտնելու, տեղեկատվություններ տարածելու առնչությամբ (ըստ որոշ սպորտային ասեկոսեների՝ Նեյմարի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը վերջինն է լինելու):

Խաղի հենց առաջին րոպեները երկու թիմերն էլ ակտիվ գործողություններով սկսեցին՝ փոխնիփոխ գրոհելով, դարպասի ուղղությամբ վտանգավոր հարվածներ կատարելով: Մանկունյանցիների դարպասապահ Դե Խեան իր հրաշալի սեյվերով վերստին ապացուցեց, որ միանշանակ թիվ մեկն է եւ թիմի լավագույն ֆուտբոլիստներից: Վստահաբար, հետեւելով Դե Խեայի գործողություններին՝ «Յունայթեդի» բազմահազար երկրպագուներ երջանկության զգացողությամբ համակվեցին, որ աշխարհի լավագույն դարպասպահներից մեկն այդպես էլ չտեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ մնաց պաշտպանելու հարազատ ակումբի դարպասը:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գոլային մի քանի ռեալ հնարավորություններ ստեղծեցին, սակայն վերջին հարվածները կա՛մ շեղ էին ստացվում, կա՛մ մեկուսացվում էին դարպասապահների կողմից: Խաղակեսի միջնամասերում «Մանչեսթեր Յունայթեդը» բավականին ակտիվ գրոհներ էր կազմակերպում: Դրանք եզրափակվում էին Լուկակուի, Պոգբայի, Մխիթարյանի՝ հեռվից կատարած վտանգավոր հարվածներով: 16-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդը «Բարսելոնայի» տուգանային հրապարակում խաբս տվեց երկու պաշտպանների, մենմենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն չկարողացավ գրավել դարպասը: Ինչպես միշտ, գնդակին ավելի շատ տիրում էր «Բարսելոնան», գնալով ավելացնում ճնշումը: 30-րդ րոպեին Սուարեսի փոխանցումից հետո բրազիլացի Նեյմարը «Յունայթեդի» տուգանային հրապարակում գլխապտույտ առաջացնող իսկական կարուսել սարքեց եւ, օգտվելով պաշտպան Վալենսիայի թույլ տված սխալից (իհարկե, այս դրվագում Նեյմարը խախտել էր կանոնները), գրավեց դարպասն ու բացեց խաղի հաշիվը: Քիչ անց մանկունյանցիների պաշտպան Լինդելյոֆի սխալը կարող էր եւ երկրորդ գոլին հանգեցնել, սակայն Սուարեսի գեղեցիկ հարվածը չեզոքացրեց առաջին խաղակեսի «Յունայթեդի» կազմում թերեւս լավագույն ֆուտբոլիստը՝ Դավիդ դե Խեան:

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» խաղադաշտ դուրս եկավ ամբողջովին նոր կազմով: Ժոզե Մոուրինյոն եւս որոշակի փոփոխություններ էր կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով դարպասապահ Ռոմերոյին, կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին, պաշտպան Դարմիանին, իսկ քիչ անց՝ խաղակեսի միջնամասում, փոխարինվեցին նաեւ Հենրիխ Մխիթարյանը եւ Ջեսսի Լինգարդը: Երկրորդ խաղակեսում եւս ավելի հավաք, ավելի հետաքրքիր էին գործում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, թեպետ «Յունայթեդն» էլ իր հերթին փորձում էր փոխել խաղի ընթացքը, օրինակ՝ 71-րդ րոպեին Պոլ Պոգբան չկարողացավ իրացնել ստեղծված գոլային լավ հնարավորությունը, մի դրվագում հապաղեց, եւ իր պահը կորցրեց Անթոնի Մարսիալը: Խաղն ավարտվեց 1։0 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնայի»:

Իսկ, ահա, Հենրիխ Մխիթարյանը, ընդհանուր առմամբ, պասիվ էր գործում եւ բացի մեկ վտանգավոր հարվածից, այլեւս ոչնչով աչքի չընկավ:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X