Իշխանությունը պետք է ընդունի, որ դա ապստամբություն էր. Պավլիկ Մանուկյանի կին (տեսանյութ)

«Իմ կարծիքով՝ սա դատավարություն չէ, վատ բեմադրված թատրոն ա, ինչ-որ մեկի բեմադրածն է, որն ուզում են իրականացնել, որովհետեւ ամեն օր նույն բանն ա կրկնվում։ Ամեն անգամ եկել եմ, ներկա եմ եղել, բայց ոչ մի փոփոխություն չկա։ Էսօր նույնիսկ զարմացանք, որ 1 ժամ դատավարություն եղավ, երկար տեւեց»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի ադամ Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը, որն առաջ չի գնում։ Նա նշեց, որ տեսնելով որդուն՝ Արամին եւ ամուսնուն՝ կարող է ասել, որ նրանք ընկճված չեն։

Տիկին Մարինեի խոսքով՝ գործով դատավարությունն արդեն հայտնվել է փակուղում, իսկ ելքը տեսնում է այն ձեւով, որ իշխանությունները ընդունեն, որ «Սասնա ծռերի» արածը ապսամբություն է. «Ընդունեն, որ սա մարդու իրավունքն է եւ արդարացնեն տղաներին։ Ես ելքը այդ եմ տեսնում»։

Մեր այն հարցին՝ օրերս Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց շրջափակել դատարանի շենքը եւ ազատել «Սասնա ծռերին», դա որքանո՞վ է իրատեսական համարում, տիկին Մարինեն ասաց․ «Ես չեմ կարողանում պատկերացնել, որ դա իրականում Ժիրայր Սեֆիլյանն է հայտարարել, թե չէ։ Երկրորդն էլ դա ելք չէ»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X