Սեւակ Խանաղյանը նշում է ծննդյան 30-ամյակը

Այսօր՝ հուլիսի 28-ին, ծննդյան 30-ամյակն է նշում ուկրաինական X Factor մրցույթի նախորդ տարվա հաղթող Սեւակ Խանաղյանը:

Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է 1987 թվականի հուլիսի 28-ին Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում: Դեռևս մանկուց նա մեծ սեր էր տածում երաժշտության հանդեպ, հատկապես երբ հայրն ընտանեկան խնջույքների ժամանակ կատարում էր հայկական ժողովրդական երգեր: Երբ նա առաջին անգամ լսում է հայկական «Սև-սև աչքեր» երգը, խնդրում է հորն իրեն սովորեցնել նվագել ինչ-որ երաժշտական գործիք: Այդպես 7 տարեկանում Սևակն արդեն սինթեզատոր էր նվագում, իսկ հետագայում ընդունվում է երաժշտական դպրոց, որտեղ բավականին ժամանակ ակորդեոնի դասերի է հաճախում:

7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան: Կուրսկում նա ընդունվում է երաժշտական քոլեջ, որն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական ակադեմիա: Սևակը ավելի խորն է ուսումնասիրում էստրադա և ջազ ոճերը, և արդեն 2014 թվականին ստանում է համաշխարհային մշակութային երաժշտության ֆակուլտետի դիպլոմ:

Նորելուկ երգիչն իր կարիերան սկսում է կորպորատիվ երեկոներում, ակումբներում և իր շրջապատում երգելով: Նա ինքն էր գրում իր երգերը՝ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն, իսկ դրանք նաև շուտով հնչում էին հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա հեղինակային երգերից են՝ «Մի՛ լռիր» (Не молчи), «Միլիոն համբույր» (Миллион поцелуев), «Հայրենիք» (Родина), ինչպես նաև «Վերադարձիր տուն» (Возвращайся домой) երգը, որը ներկայացրել է «X ֆակտոր»-ի լսումների փուլերում:

Մեկնաբանություն
X