Արձակուրդ

Շոգը մտել է իր իրավասությունների մեջ եւ այնպես է մոլեգնել, որ մարդիկ կորցրել են մտածելու, աշխատելու ունակությունները։ Ամենուրեք միայն դա ես լսում՝ շոգ է, անտանելի շոգ։ Ինչ արած, մեզ՝ հայերիս, այսպիսի անտանելի կլիմա է բաժին ընկել՝ ամռանը չափից դուրս շոգ, ձմռանը՝ չափից դուրս ցուրտ։ Իսկ գլոբալ տաքացման արդյունքում կլիմայական ամպլիտուդները մեծացել են, կատակլիզմներն ու աղետները՝ ուժգնացել։ Բայց եթե աշխարհը կլիմայի ու էկոլոգիայի խնդիրներով զբաղվելու, դրանց ազդեցությունը մարդկային պոպուլյացիայի վրա նվազեցնելու հնարավորություններ ու միջոցներ ունի եւ այդ ուղղությամբ լուրջ քայլեր է անում, ապա մեր նման աղքատ երկիրն այդ հնարավորությունները չունի։ Դրան զուգահեռ էլ անխնա շահագործում է իր ընդերքն ու էկոլոգիապես վտանգավոր, բայց մի քիչ փող բերող նախագծեր է իրականացնում։ Դրանից բացի՝ նաեւ էկոլոգիական կրթություն ու բնության հանդեպ տարրական հարգանք չի կարողանում սերմանել։ Այնպես, որ գոնե եղած կանաչի՝ խոտի, ծառի, ծաղկի նկատմամբ հոգատար վերաբերմունք լինի, ակնածանք։ Մի փոքրիկ կանաչ տարածք ու տունկ փչացնելու ներքին արգելք լինի։ Եվ ստացվում է, որ մենք անպաշտպան ենք շոգի ու քամու, կարկուտի ու փոշու առաջ։ Չէ՞ որ այս շոգն այնքան անտանելի չէր լինի, եթե մենք տարիներ շարունակ կանաչ տարածքը բարբարոսաբար ոչնչացնելու փոխարեն ծառ ու ծաղիկ տնկելու սովորույթ մշակեինք։ Կամ՝ գետերն ու լճերը ոչ թե ձուկ աճեցնելու, փող աշխատելու, ջուրը այգիներն ու արտերը ոռոգելու միջոց դիտեինք, այլ բնական միջավայրի մասնիկ, որը պետք է խնայել ու պահպանել։ Եվ այգիներում էլ ոչ թե սրճարաններ տեղադրեինք ու երաժշտություն լսեինք, այլ թռչուններին ունկնդրելու, բուսականության բույրն զգալու եզակի հնարավորություն դիտեինք։

Մեկնաբանություն
X