Հունաստանի լավագույն լողափերը /ֆոտոշարք/

>

Հունաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ տուրիստը երբեք չի հոգնում: Պատմական հարուստ ժառանգությունից մինչեւ գեղեցիկ արեւայրուք, մշակութային հարուստ ծրագրով տուրերից մինչեւ հրաշալի եւ համեղ խոհանոց: Աշխարհում ափագծի երկարությամբ 11-րդ տեղն զբաղեցնող Հելլադան ունի 380 լողափ եւ տուրիստի համար բավական դժվար է ընտրել իրեն ավելի դուր եկածը: Այնուհանդերձ, միջազգային տուրիստական գործակալություններն ու երկրի գիտակները կազմել են այս տարվա համար Հունաստանի լավագույն հինգ լողափերը, որոնք գտնվում են Միջերկրականի ավազանում

1. Միկոնոս՝ Սուպեր Պարադայզ լողափ- Միկոնոսի լողափերը իրապես կարող են համարվել լավագույնները Էգեյան ծովում, շնորհիվ իրենց բյուրեղյա մաքրության փիրուզե ջրերի եւ ոսկե ավազներով ծովափերի: Ամենից հայտնի լողափերից մեկը՝ Super Paradise-ն է: Հսկայական ավազե հրվանդանը ողողված է փիրուզե եւ կանաչ ջրերով: Բաց աչքերով կարելի է սուզվել եւ տեսնել ստորջրյա հրաշալիքները եւ հենց այդ ժամանակ էլ կհասկանաք, թե ինչու է այն լավագույն լողափների մեկն համարվում Հունաստանում:

2. Սկիատոս՝ Լալարիա լողափ – Դժվար է բառեր ընտրել նկարագրելու համար, թե որքան գեղեցիկ է Լալարիա լողափը, որ գտնվում է Սկիատոսում: Ապշեցնող գեղեցկության բնությունը դարձել է կղզու այցեքարտը եւ իրավամբ այն այսօր համարվում է աշխարհի լավագույն լողափերից մեկը: Լազուրե մաքրության ջուր, ձյունասպիտակ ավազ ու բարձր լեռներ: Այս ամենը ամեն տարի հարյուր հազարավորների բերում է Սկիատոս կղզի:

3. Միլոս՝ Սարակինիկոս լողափ – Հրաբխային սպիտակ լեռներ, փափուկ, ինչպես կավիճը,կոթողներ, խորը հրվանդան՝ ողողված զմրուխտե ջրերով, որտեղ կարելի է տեսնել կապույտի բոլոր երանգները, ըստ խորության: Սարակինիկոն մի ամբողջական բնանկար է, եզակի իր տեսակի մեջ։

4. Պարոս՝ Կոլիմբրիտես լողափ- Նաուսայի հրվանդանում գտնվող այս հայտնի լողափն ունի մաքուր ջուր եւ ոսկե ավազե ափ, որ շրջապատված է մոխրագույն լեռներով՝ հողմահարված ծովի ալիքներից եւ փչող քամիներից:

5. Զաաքինֆոս Նավագիոս լողափ- Ով կարող էր պատկերացնել, որ Պանայոտիս անունը կրող հին նավը կդառնա Զաակինֆոս կղզու գլխավոր տեսարժան վայրը եւ կհերոսանա հազարավոր տեսանյութերում եւ լուսանկարներում: Հունաստանի բնության հրաշալիքներից մեկն է հանդիսանում Նավադիոս լողափը, որ գերում է հարյուր հազարավորների եւ ստիպում անպայման փորձել զմրուխտե ջրի ալիքները եւ զգալ ծովային հանգստի վայելքը:

Մեկնաբանություն
X