Պլինիոս Կրտսեր. Նամակներ

Պլինիոս Կրտսեր՝ մոտ 61 - 113 թթ., հռոմեական քաղաքական գործիչ, գրող եւ փաստաբան։ Զբաղեցրել է հյուպատոսի, այնուհետեւ Բյութանիա հռոմեական նահանգի կառավարչի պաշտոնը։

Մեզ են հասել Պլինիոսի նամակների ժողովածուն (9 գիրք) եւ «Տրայանոս կայսեր ներբողը», որոնք կարեւոր աղբյուր են I-II դդ. Հին Հռոմի պատմության ուսումնասիրության համար։ Տրայանոս կայսրին հասցեագրված նամակներից մեկում տեղեկություններ է հաղորդում Բյութանիայում քրիստոնեական համայնքի մասին։

Պլինիոս Կրտսերն իր նամակընկալներից պահանջում էր պատասխաններ, որոնցում անպատճառ, խիստ մանրամասնորեն, պիտի ներկայացնեին այն, ինչ տեսել էին, զգացել եւ վերապրել, ինչպեսեւ ինքը՝ ստորեւ ներկայացվող հենց այս նամակում։

«Զարմանալի է՝ Հռոմում ամեն օր զբաղված են, կամ թվում է, թե զբաղված են, մինչդեռ, եթե բոլոր օրերը մեկտեղենք, դուրս կգա, որ ոչինչ չեն արել:

Հարցրու յուրաքանչյուրին՝ Այսօր ի՞նչ ես արել:

Նա կպատասխանի․ «Դեռահասության միջոցառմանն էի մասնակցում, ժողովի կամ հարսանիքի էի: Մեկը խնդրեց իր համար կտակի արձանագրությունը կազմել, մյուսը պաշտպանել դատարանում, երրորդը՝ մասնակցել խորհրդակցության»:

Եվ բոլոր այդ գործերը պիտանի էին միայն տվյալ պահի համար, երբ դրանցով զբաղվում էիր: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նմանատիպ գործերն ապարդյուն կթվան, մանավանդ՝ երբ քաղաքից հեռանաս: Այդժամ վերհիշելով կասես․ «Որքան օրեր վատնեցի դատարկ բաների վրա»: Ես էլ եմ այդպես զգում, երբ լավրենտինյան իմ վիլլայում ինչ-որ բան եմ կարդում կամ գրում, անգամ երբ ժամանակ եմ տրամադրում, որպեսզի կոփեմ մարմինս։ Չէ՞ որ մարմինը հոգու ապավենն է։

Ես այլեւս չեմ լսում, չեմ խոսում այն, ինչի համար ստիպված եմ լինելու զղջալ: Ինձ մոտ որեւէ մեկի մասին չեն չարախոսում: Ես ոչ ոքի չեմ դատապարտում, բացառապես ինքս ինձ՝ վատ աշխատելու համար: Ո՛չ հույսը, ո՛չ վախը ինձ չեն անհանգստացնում։ Լուրերով, ասեկոսեներով ես չեմ հետաքրքրվում, խոսում եմ միայն ինքս ինձ հետ եւ գրքերի: Ահա ճշմարիտ, ջինջ կյանքը, միակ քաղցրաբարո եւ ազնիվ ժամանցը, որ ամենագեղեցիկն է:
Ծով, լողափ, իսկական առանձնություն, որքան բան եք դուք ինձ տվել, բացահայտել, հուշել: Հենց առաջին իսկ հարմար առիթի դեպքում հեռացիր աղմուկից, դատարկ շաղակրատանքից, անհեթեթ գործերից: Քեզ պահպանիր գրականության համար եւ ազատ ժամանակդ ամբողջովին նրան տուր»։

Նյութի աղբյուրը ՝ http://hraparak.am/?p=152637&l=am/

Մեկնաբանություն
X