Ում է պետք սրանց սարքած շատրվանները, որ այս տապին չեն գործում

>

Ամռան այս տապին Հրազդան քաղաքի «Բարության պուրակի» շատրվանները չեն գործում: Պուրակը կորցրել է իր շքեղությունը, քանի որ 8 տարի տեւած շինարարական աշխատանքերից հետո պուրակում կրկին վերանորոգման կարիք կա: Հրազդանցիներից շատերը սիրում են շրջել պուրակով, զմայլվել շատրվանների գեղեցկությամբ եւ զովանալ. «Անցած տարի գոնե մի քանի օր աշխատեցին շատրվանները, երեխաներ ուրախանում էին, շատ դեպքերում մեջը լողանում, շատ լավ էր, այս տարի այս տապին շատրվանները չգործեցին»,-մեզ հետ զրույցում նշում էին բնակիչները եւ հավելում, որ դժվար էլ գործեն, քանի որ ամբողջ խողովակները շարքից դուրս են եկել. «Էդքան ծախս արեցին մի նորմալ բան չսարքեցին, մեր աչքի դեմ են սարքել, դուք նայեք էս խողովակներին, անզեն աչքով էլ երեւում է, որ փտած խողովակներ են բերել դրել, որ նորը առնեին մի քանի տարի նորմալ կաշխատեր: Գումար են դուրս գրել խողովակների համար, չգիտես որտեղից փտած խողովակները բերել են դրել: Ամենավերջում սկի խողովակներ էլ չկա: Միայն մեկ շատրվան է աշխատել անցած տարի, այս տարի սկի սա էլ չաշխատացրեցին: Նայեք մի տարի հետո շատրվանները փլվելու են, քանի որ մասնագետ չկար, որ սարքեն, «փինաչիություն» են արել: Ում է պետք, որ հիմա չեն գործում, թող տրակտոր բերեն քանդեն»- բողոքում էին բնակիչները:

Թե ինչու այս տապին չեն գործում շատրվանները, Հրազդանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ խնդիր կա, շատրվանների տակի պատերը ճաք են տվել, պետք է նորոգեն:

«Բարության պուրակի» ձգձգվող աշխատանքներին բազմիցս ենք անրադարձել: Համայնքի բյուջեից շինարարական աշխատանքներ համար ծախսվել է 165մլն. 096 հազար 292 դրամ, սակայն անորակ աշխատանքի արդյունքում, անցած տարի տեղ-տեղ փոխվեցին սալիկները, իսկ այս տարի խնդիր կա շատրվանների հետ: Միլիոններ ծախսվեց, իսկ արդյուքում ունեցանք խնդիրներով լի պուրակ:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X