Ես ասում եմ իրականությունը, անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը․ Սամվել Բաբայանի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով մեկնարկեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։Այն կարճ ժամանակ անց հետաձգվեց, պատճառն էլ այն էր, որ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Ի դեպ, նշենք, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված անձն է։

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը գործով յոթ ամբաստանյալներից ճշտեց նրանց ինքնությունը, բացատրեց պարտականություններն ու իրավունքները, որից հետո ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ՝ փաստաբան Վիկտորյա Կիրակոսյանի բացակա լինելու պատճառաբանությամբ։ Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 28-ին, ինչը բարկացրեց ամբաստանյալներին, հատկապես՝ Սանասար Գաբրիելյանին եւ Սամվել Բաբայանին

Սամվել Բաբայանը, դիմելով դատարանին, ասաց․ «Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալիս է, թե ոչ։ Ես ասում եմ իրականությունը, անմեղ մարդուն բռնել, գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նշանակել»։ Դժգոհեց նաեւ Սանասար Գաբրիելյանը․ «Եկեք, նստեք էդ կամեռում»։

Դատավորը հակադարձեց՝ նշելով, որի փաստաբանն է միջնորդել հետաձգել նիստը, ինչին ի պատասխան Գաբրիելյանն ասաց․ «Պաշտպանը հով տեղ է նստած, դրա համար էլ ասում է»։

Նիստի վերջում Սամվել Բաբայանը մոտեցավ գործով մեղադրող Արամ Արամյանին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մի խումբ անձանց հետ՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն եւ Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X