Սարքոցի, շինոցի․ Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ․ տեսանյութ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 րոպե ուշացումով մեկնարկեց Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը, որը կարճ ժամանակ անց հետաձգվեց, պատճառն էլ այն էր, որ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Ի դեպ, նշենք, որ Արմեն Պողոսյանը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված անձն է։

Դատական նիստի ավարտից հետո Սամվել Բաբայանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս է վերաբերվում փողերի լվացման հետ կապված՝ իրեն առաջադրված մեղադրանքներին, ասաց․ «Սուտ է, ինձ հետ կապ չունի, հեսա սաղ կլսեք, կիմանաք»։

Գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքներին, ասաց․ «Շատ վատ, սարքոցի, շինոցի»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանություն
X