Կհավատա՞ք, որ դա անում էր Աղվան Հովսեփյանը․․․

Մարդը միակ արարածն է, որ պետք է ինչ որ բանով ապրի, ինչ որ թանկ բան ունենա, որի համար կյանքի ամեն մի պահը կարևորվի։ Ճառ ասելու փոխարեն, ավելի լավ է մի զանգ կախեմ, որն ավելի օգտակար կլինի։

Այս դեպքը չէի պատմի, որովհետև խոսքը վերաբերվում է պաշտոնյայի ու կասեիք՝ օրինակ բերելու համար մարդ գտա՜վ․․․

Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ էր։ Նրա մոտ հավաքարար էր աշխատում հարևանուհուս ծեր ընկերուհին՝ 80-ին մոտ։ Եթե չեմ սխալվում, Մանյա էր նրա անունը։ Իսկ եթե սխալվում եմ, դատախազը կհիշի։ Որտեղ գնում, այդ կնոջն իր հետ տանում էր։
Ծեր կինը անսահման սիրով էր խոսում նրա մասին։ Ծերացել, հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց գնում էր նրա մոտ աշխատանքի։

-Ինքը գիտի, որ ես է՛լ ի վիճակի չեմ,- պատմում էր ծեր կինը,- բայց իր կաբինետը միայն ինձ է վստահում։ Գիտի, որ հիվանդ տղա ունեմ, որ չի աշխատում ու համարյա ողջ օրը պառկած է։ Ամեն ինչով հասնում է,- ասում էր։

Պատմում էր շատ նուրբ բաներ, որոնք չեմ ուզում գրել։ Ու գիտեք ո՞րն էր ծեր կնոջ ապրելու իմաստը։ Սերը որդու նկատմամբ և իրեն օրվա հացով ապահովող մարդուն իր նվիրվածությամբ վարձահատույց լինելը։

-Մեռնելուց վախենում եմ,- ասում էր նա,-տղայիս ո՞վ է պահելու։Մի կտոր հաց տվող չի լինելու։-Իսկ Երբ գնում եմ աշխատանքի, ուժ է գալիս վրաս և ես ջահելից էլ լավ աշխատում եմ։

Դա մարդուն իր աշխատանքով շնորհակալ լինելու պարզ գաղտնիքն էր։

Հավաքարարուհու տղան հիսունն անց էր, իսկ մարզպետի խորհրդականի կնոջ տղան 24 տարեկան։ Ինչու՞ չխնայեց իր տղային։ Ինչու՞ կյանքի իմաստը չտեսավ իր տղայի մեջ․․․ Ինչու՞ չարի սերմը մթագնեց չորացրեց երբեմնի սիրառատ արտը։

ՀԳ Իսկ նախկին դատախազի մասին այսպես եմ մտածում՝ նա էլ է չէ՞ ուզում ինչ որ բանով մաքրվել․․․ Մի փոքրիկ ծիլ է, մի անօգնականի օգտակար լինելու մղում, ինչու՞ դա չտեսնելու տանք ու վեր հանենք միայն վատը։ Ինչու՞ վախենանք, որ նման բան գրելուց մեկը կասի՝ պատվեր է կատարում։ Ինչու՞ չենք ուզում աննշան լավը աճեցնել, որպեսզի չարի սերմը մոլախոտի պես չլափի սիրո արտը։

Երբ այդ ծեր, դողացող ձեռքերով հավաքարարուհուն ասում էին՝ դե լավ է՜, դու էլ․․․ նեղանում ու մրմնջում էր՝ լավը, լա՜վը տեսեք ու աճեցրեք․․․

ՀԳ Դա ցուցադրական չի արել, ինչ որ տեղ չի հնչել, գուցե այդ մասին իմացել են ընդամենը մի քանի հոգի կամ չեն իմացել։ Այդ առումով կուզեի, որ այս փոքրիկ ու դրական շտրիխը այլ կերպ չընկալվեր։ Խավարի մեջ էլ լույս փնտրենք։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X