Մուտքավճարը «Գառնի» արգելոց-թանգարան թանկացել է

Մշակույթի նախարարության որոշումով՝ վաղվանից որոշ պատմամշակութային արգելոց-թանգարանների՝ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլն, մուտքավճարները կթանկանան։ Մենք էլ շահագրգռված չենք, որ այդպես թանկանար, ՀՀ քաղաքացիների համար մուտքավճարը, եթե 250 դրամ էր, ապա հիմա 500 է լինելու, արտասահմանցիների տոմսը նախկինում արժեր 1200 դրամ, հիմա՝ 1500 դրամ։ Բոլոր դպրոցականների համար տոմսը 100 դրամ է, իսկ նախադպրոցականներին անվճար է։ Եվ էքսկուրսիայի ծառայությունը հայերեն լեզվով 2000 դրամ է, օտար լեզվով՝ 4000, առաջինի դեպքում 1500-ը դարձել է 2000, իսկ 2500-ը՝ 4000 դրամ։ Այս փոփոխություններ են եղել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Արամ Բաբայանը՝ նշելով, որ իրենք հրամանը ստացել են Մշակույթի նախարարությունից․ «2 օր առաջ ենք ստացել հրամանը, դեռ տոմսերը չենք ստացել։ Առավոտ տոմսերը կտան եւ կշարժվենք էդ սակագներով»։

Հարցին՝ ինչ-որ փոփոխություն եղե՞լ է, որ մուտքավճարը թանկացել է, Արամ Բաբայանը պատասխանեց, որ ոչ մի փոփոխություն էլ չի եղել․ «10 տարի առաջ, 15 տարի առաջ ոնց կար էդպես էլ մնացել ա, հլը ավելի վատ։ Եթե մի տեղ գնում են օրը 1500-2000 հոգի, լավ օրեր են լինում մինչեւ 5000 այցելու ենք ունենում, պատկերացրեք մաշվածությունը ինքըստինքյան պիտի լինի։ Ծրագիրն արդեն 5-6 տարի կա, որ պիտի սալահատակ արվի, ջուր չունենք, չի ջրվել ոչ տարածքը, ոչ ծառերը։ Մի երկու ավտո ավազ են լցրել, որ սալահատակ անեն, բանվորները եկել են արդեն 3 օր ա պառկել են եւ էդ գործը չեն սկսում։ Ես ստեղ վարիչ եմ իմ 7-8 աշխատողներով, հրամանները վերեւից գալիս են, կատարում ենք»։

Արդյո՞ք սրանով ոչ թե խթանում, այլ խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը, Արամ Բաբայանն ասաց, որ դրանում համոզված է․ «Ասում եմ՝ 250 դրամով պահում էինք, գործը առաջ էինք տանում, հիմա պատկերացրեք 500-ով ինչ կլինի։ Հիմա տեսեք տուրիստը գալիս հասնում ա ստեղ, փաթեթը վերցրել ա, բերում են ստեղ ու մեկ էլ հոպ, թանկացել ա»։

Արամ Բաբայանը վերջում հավելեց, որ գների բարձրացման պատճառների մասին հարցերին կարող է պատասխանել պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության միջավայրի ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենը։

Մեկնաբանություն
X