Երկիրը քանդվեց, մեր թաղամասն էլ հետը, անգամ գիշերային լուսավորություն չունենք (ֆոտո,վիդեո)

>

Հրազդան քաղաքի որոշ թաղամասերում բարեկարգման աշխատանքներ գրեթե չեն կատարվում, ճանապարհները անմխիթար վիճակում են, չկա գիշերային լուսավորություն: Հրազդանի Բանավան թաղամասը տարիներ առաջ քաղաքի գեղեցիկ թաղամասերից մեկն է եղել: Բանավանցիները պատմում էին, որ այն եղել էր հարուստների թաղամաս՝ գեղեցիկ ձեւավորված այգով, ֆուտբոլի դաշտով, իսկ թաղամասին տեսք էր տալիս դիմացի Ծովինար լիճը. «Պետիկյանի ժամանակ մեր թաղամասը ծաղկում էր, կար նախագիծ, որ լճի վրայով դեպի Կենտրոն թաղամաս կամուրջ պետք է լիներ, եւ այստեղ հանգստի գոտի լիներ: Երկիրը քանդվեց, մեր թաղամասն էլ հետը, որ անգամ գիշերային լուսավորություն չունենք: Միայն մի փողոց են մի քիչ ասֆալտ արել ու այդ մասը լուսավորել: Մնացած մասում լուսավորություն չկա, դե ճանապարհների մասին էլ չենք ասում, ինքներդ տեսեք: Առաջ էլի լավ էր, ինչ ջրագծերը քաշեցին, ճանապարհները քարուքանդ թողեցին»,- բողոքում էին բնակիչները:

Թաղային լիազոր Զավեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքներ թաղամասում կատարվում են. «Այս պահին ընթացքի մեջ է միակ բազմաբնակարանային շենքի տանիքի աշխատանքները: Բանավանում Մոնթեի արձանը տեղադրեցին ու տարածքը բարեկարգեցին»:

Այն հարցին, թե ինչու թաղամասում միայն մեկ փողոց ունի գիշերային լուսավորություն, Զավեն Հարությունյանն ասաց, որ բոլոր տեղերում էլ կա. «Եթե ինչ-որ տեղ չկա գիշերային լուսավորություն, ապա բնակիչների մեղքով է, խփում են լամպերը կոտրում, պետք է ժողովրդին քաղաքակիրթ դարձնենք, թե չէ միշտ քաղաքային իշխանությունների մասին են գրում»:

Թաղամասում խնդիրները այսքանով չեն սահմանափակվում: Բնակիչները պատմում են, որ թաղամասի կոյուղին հաճախակի է խցանվում եւ կոյուղաջրերի հոսելով հասնում են այգի. «Ժամանակին այս այգին թաղամասի ամենագեղեցիկ մասն է կազմել, իսկ հիմա այն ճահճացել է եւ լցվել կոյուղաջրերով: Եթե ցանկանան, այգին կարող են բարեկարգել եւ տեսքի բերել, որը հանգստի եւ ժամանցի վայր կդառնա մեզ համար»,- ասում էին բանավանցիները:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X