2017-ի 7 լավագույն ֆիլմերը ըստ esquire-ի

>

Ամառը ոչ միայն ակտիվ հանգստի, այլ նաեւ լավ ֆիլմեր դիտելու լավագույն ժամանակն է: Արձակուրդը նաեւ ֆիլմեր դիտելով հագեցնելու համար ներկայացնում ենք esquire.ru-ի կողմից կազմված այս տարվա լավագույն ֆիլմերի յոթնյակը.

1. «Բուժել ողջերին»

Սյուժեի կենտրոնում ֆրանսիացի Կատել Կիլեւերեի դրաման է, ով նիրհի մեջ է ընկնում ավոտվթարից հետո: Նրա ամուսնալուծված ծնողները փորձում են հաղթահարել անակնալ ողբերգությունը: Բժիշկները նրանց առաջարկում են մտածել օրգանների դոնոր հանդիսանալու համար՝ նշելով, որ Կատելը դեռ կկարողանա ինչ-որ մարդկանց կյանք փրկել, ինչպես, օրինակ, մի ջութակահար աղջկա, ում մոտ սրտի արագ զարգացող հիվանդություն է հայտնաբերվել: Ֆիլմը հանդիսանում է Մեյլիս դե Կերանգալի համանուն վեպի էկրանավորումը, որտեղ ռեժիսորն իր կողմից անակնկալ սյուժետային զարգացումներ է ավելացրել: Կյանքի փխրունության եւ այլոց կողմից թեկուզ պարզ զորակցության կարեւորության գաղափարները լավագույնս են արտահայտված այս ֆիլմում:

2. «Շատ հեռու»

Գլխավոր հերոսը աֆրոամերիկացի Քրիսն է, ով ժամանում է իր սպիտակամորթ ընկերուհու ծնողների հետ ծանոթանալու նրանց ամառանոցում: Շուտով, սակայն, հասկանում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Այս տարօրինակ զգացողությունը Քրիսի մոտ ուժեղանում է, երբ հանդիպում է տան ծառայող անձնակազմը ներկայացնող այլ աֆրոամերիկացիների եւ մի երիտասարդ տղայի հետ, ով հանդիսանում է սպիտակամորթ եւ իրենից բավական տարիքով մեծ մի կնոջ բոյֆրենդը: Մի մարդու նման նրանք հայտնվում են ինչ-որ տարօրինակ եւ մռայլ առեղծվածի ազդեցության տակ: Այս ֆիլմը գրավում է ինչպես ռասիզմի հանդեպ ունեցած քննադատությամբ, այնպես էլ սուր եւ գրավիչ սցենարով, սահմռկեցնող հանգուցալուծմամբ: Ռեժիսոր Ջորդան Պիլի դեբյուտը հանդիսացող այս ֆիլմը կարելի է համարել առաջնակարգ սարսափ ֆիլմ:

3. «Պառակտում»

Մ. Նայթ Շյամալանի համար այս ֆիլմը շռնդալից վերադարձ ազդարարեց: Կինոսիրողները նրան կհիշեն դեռ «Վեցերորդ զգայարանից»: Կրկին գործի դնելով միայն իրեն հատուկ չարագուշակ ոճը՝ նա ներկայացրել է երեք աղջիկների ճակատագիրը, որոնց առեւանգել է Քեյվին անունով մի տարօրինակ տղա /կերպարը մարմնավորել է Ջեյմս Մաք Էվոյը/, ով պարզվում է, որ արդեն 23 մարդու է առեւանգած պահում իր մոտ: Ամենասարսափելին այն է, որ Քեյվինը հավատացած է, որ իր մեջ ծնվում է 24-րդ անձը, որի անունն է «Գազան»: Այս սյուժետային գիծն է, որ Մաք-Էվոյին ազատություն է տալիս ահարկու մոլագարի կերպարը մարմնավորելիս:

4. «Լոգան»

2029 թվական: Ոչ մեծ թվով ողջ մնացած մուտանտները գոյապայքարի մեջ են: Երբեմնի փառապանծ Ռոսոմախը ներկայումս բավական խղճուկ գոյություն է քարշ տալիս եւ փորձում մոռանալ, թե ինչպես են իր մարմնի վրա առաջացել այդքան վերքերի սպիերը, իսկ թարմ վերքերն այլեւս նախկինի նման արագորեն չեն ապաքինվում: Նրա կյանքը փոխվում է միանգամից, երբ հանդիպում է աղջկա, որի հետ առեղծվածային կապվածություն է զգում: Իքս մարդիկ շարքի ամենից բրուտալ ֆիլմը հանդիսանում է հենց «Լոգանը», որը անակնկալ զարգացումներ է ունենում դեպի մելանխոլիան եւ փայլուն կերպով ավարտում Ռոսոմախի պատմությունը:

5. «Կորուսյալ Z քաղաքը»

«Սիրեկանների» եւ «Ճակատագրական կրքի» ռեժիսոր Ջեյմս Գրեյը առաջին անգամ դուրս է գալիս Նյու Յորքի սահմաններից եւ թաղվում Ամազոնի մութ թավուտներում իր «Կորուսյալ Z քաղաքը» ֆիլմով: Ֆիլմը Դավիթ Գրանի համանուն վեպի էկրանավորումն է: Կենտրոնում անցյալ դարի առաջին կեսերի բրիտանացի հետազոտող Պերսի Ֆոսետի պատմությունն է, ով հանդիպում է մինչ այդ անհայտ քաղաքակրթության հետքերի իր որոնումների ընթացքում: Վիճելով գիտական ղեկավարության հետ, նա մեկնում է ջունգլիներ կնոջ, որդու եւ օգնականի հետ, եւ ապա անհետանում: Ֆիլմը փայլուն արկածային դրամ է, որը բարձրացնում է դասային թշնամանքի եւ տոլերանտության հարցերը: Ֆիլմում նկարահանվել են Չարլի Հաննեմը, Ռոբերտ Պատիսոնը, Թոմ Հոլանդը եւ Սիենա Միլերը:

6. «Օտարը. Պատգամ»

Ռիդլի Սքոթը այս ֆիլմում հավաքել է իր կինո ժառանգությունը, որ ստեղծել է 1979-2012 թթ. սարսափ, լարվածություն, փիլիսոփայականություն, նույնիսկ մտորումներ մարդ-անդրոիդների մասին: Արդյունքում ստեղծվել է մի ժապավեն, որը կարող է իր մասշտաբներով համեմատվել Աստվածաշնչի պատմությունների էկրանավորման հետ: Ֆիլմում ներկայացվում է Երկրային գաղութաբնակների եւ այլմոլորակային քսենոմորֆների պայքարը, թե ինչպես ամեն բան սկսվում է նրանից, որ սկսում են հետազոտել անհայտ մոլորակից եկող օգնության ազդանշանը: Ֆիլմում Մայքլ Ֆասբենդերը մարմանվորում է մարդ-անդրոիդին, ով գտնվում է ուշադրության կենտրոնում եւ հայտնվում ինչ-որ հնագույն քաղաքակրթության սրտում: Դավաճանություն, դավադրություններ նմանակներ հումոր եւ սուր եւ լարված սյուժե: Սա այն դեպքն է, երբ ամեն բան արդարացված է:

7. «Ջոն Ուիկ 2»

2014-ին էկրան բարձրացած «Ջոն Ուիկը» թվում էր, թե պետք է այլեւս շարունակություն չունենա, քանի որ իր տեսակի մեջ եզակի էր: Սուր զարգացումներով, հրաձգության եւ ձեռնամարտի տեսարաններով հարուստ ֆիլմի գլխավոր հերոսին կրկին մարմնավորել է Կիան Ռիվզը: Ռեժիսոր Դեւիդ Լեյչը բռնությունը ներկայացնում է որպես արվեստ, որը իրականացվում է ոճային հանցագործների կողմից, ովքեր սակայն իրենց հոգու խորքում մտածող փիլիսոփաներ են: Արդյունքում այս անգամ էլ կինոսերները կարող են առանց աչքը կտրելու էկրանից դիտել Ուիկի արկածների շարունակությունը, որն այս անգամ ավելին է, քան սպանված շան համար վրեժ լուծելը:

Մեկնաբանություն
X